ԵՄ-ն 6,5 մլն եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր կիրականացնի Հայաստանի սոցիալական ոլորտում

Այսօր Եվրոպական միությունը ստորագրել է «Ներդրում կատարելու մասին համաձայնագիր»՝ (6,5 մլն եվրո) ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԶԾ-ի և ՊՀԾ-ի հետ՝ աջակցելու ՀՀ կառավարության սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանն ու արդիականացման ուղղված ջանքերին։

Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ՝ հաջորդ չորս տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում կիրականացվեն աշխատանքներ ցնցումների արձագանքմանն ուղղված ազգային ռազմավարությունների մշակման, տվյալների համակարգերի արդիականացման, սոցիալական ծառայության աշխատուժի կարողությունների զարգացման և պիլոտային ՍՊ ծրագրերի ուղղությամբ։ Այս նախաձեռնության ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես հակամարտության ազդակիր մարզերը և սահմանամերձ համայնքները Սյունիքում, Գեղարքունիքում և Շիրակում:

Ծրագրի արդյունքում Հայաստանում կամրապնդվի սոցիալական պաշտպանության ոլորտը՝ աջակցելու խոցելի խմբերին և բարելավելու ցնցումներին և ճգնաժամերին արձագանքելու պատրաստվածությունը։