Ռուբեն Վարդանյանն այցելել է Արցախի պետական համալսարան
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արցախի պետական համալսարանում երեկ ներկա գտնվեցի կարևոր իրադարձության՝ պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան գիտական քննարկումների կաբինետի բացմանը և պատիվ ունեցա լսելու նրա՝ «Հավասարակշռությունը բնության և հասարակության մեջ» զեկույցը: Կենտրոնի հիմնադրման նախաձեռնությունը պրոֆեսորինն է:
Նա չի դադարում զարմացնել իր հետաքրքիր ու յուրահատուկ ծրագրերով: Երկխոսությունը և սուր հարցերի շուրջ բանավեճի հնարավորությունը հատուկ է առողջ հասարակությանը: Ու ես երախտագիտությունս եմ հայտնում պարոն Գաբրիելյանցին իր այս նախաձեռնության համար և ուրախ կլինեմ, եթե այստեղ պարբերաբար անցկացվեն հետաքրքիր, հանրության համար կարևոր քննարկումներ:
Պրոֆեսորի ներկայացրած թեման, իսկապես, շատ հետաքրքիր էր: Զգացի, որ առանձնահատուկ կլանվածությամբ եմ այն լսում: Նա գտնում է, որ ինչպես բնական, այնպես էլ հասարակության զարգացման գործընթացներն անընդհատ են, հաջորդական, ենթարկվում են նպատակահարմարության և հավասարակշռության օրենքներին և ապահովում անցումը դեպի կայուն զարգացում:
Ուշագրավ է, որ պարոն Գաբրիելյանցի գիտական գործիքակազմը լիովին կիրառելի է նաև քաղաքական-սոցիալական-տնտեսական ոլորտում: Համաձայն եմ նրա հետ նաև այն առումով, որ վերջնական նպատակի սահմանումն ու դրա հստակ գիտակցումը առաջնային կարևորություն ունի»։

