Սոչիի հայտարարությունը՝ հետընթա՞ց, թե հույսեր ներշնչող (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն ու քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը:

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ– Ռուսական դիվանագիտությունն այս հարցում  որևէ պատահական քայլ չի անում, և ինձ համար տեսանելի է, որ բավական լուրջ աշխատանք է արվել, որպեսզի չհնչի Արցախի հարցը։ Ինձ հասած տեղեկություններով, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում․․․ Կարծում եմ, որ դա շարունակություն է ունենալու և  բարձրացվելու են բոլորիս համար այդ կարևոր՝ Արցախի  անվտանգության և կարգավիճակի հարցերը։ Կարևոր է նաև Ռուսաստանի դերակատարությունը․ ՌԴ-ը չի ուզում բաց թողնել պատմական պահը, թույլ տալ այլ երկրների կատարել այն դերը, ինչը ինքն է կատարում։

Լավատեսական կլինի այն դեպքում, եթե հաջողվի Հայաստանի անվտանգության հարցը ոչ թե Արևմուտքին թողնել՝ որոշ փրկիչների կամ բևեռախույզների ձգտումներին, այլ իրատեսորեն հասկանալ, թե ինչ թթվածին ենք մենք շնչում։ Իսկ մենք շնչում ենք ռուսական թթվածին՝ սիրենք, թե չսիրենք, ուզենք, թե չուզենք, սա է իրականությունը, իրավունք չունենք տրվել թուրքական փողեր ստացողների  արկածախնդրությանը։

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ– Կարծում եմ, որ Սոչիի հայտարարությունը ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից  հետընթաց է։ Ավելին, սա Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողված  հանդիպումն էր։ Խոսեմ փաստերով, Իլհամի ու ՌԴ նախագահի երկկողմ հանդիպման ժամանակ տեսեք՝ ինչ է ասում օկուպանտ սուլթանը․ «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա։ Եվ հայտարարության մեջ արտացոլվեց Իլհամի ասածը՝  Արցախի մասին ոչինչ չնշելով։

Ոչ մի խոսք չկա նաև ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման մասին,  հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատի մասին։

Որևէ բառ չկա այն մասին, որ օկուպանտ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները կոպտորեն  խախտելով  եռակողմ հայտարարության  1-ին կետը, ըստ որի՝ կողմերը նոյեմբերի  9-ի դրությամբ պետք է կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերում,  2020-ի դեկտեմբերին օկուպացրել են Արցախի  Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերը, 2022-ի մարտի 24-ին օկուպացրել են Ասկերանի շրջանի Փառուխ և Քարագլուխ բնակավայրերը։

Որևէ խոսք չկա, որ օկուպանտ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները 2021-ի մայիսի 12-ին օկուպացրել են  Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասը։

Որևէ խոսք չկա  բոլոր ռազմագերիների, պատանդների, պահվող անձանց  վերադարձման մասին։  Այս կետերից ելնելով ես Սոչիի հայտարարությունը գնահատում եմ որպես ձախողված  հայտարարություն։

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ- Միամտություն է ակնկալիքներ ունենալ մեր բանակցողից, նա իրեն սպառել է․ նա ո՛չ որպես լրագրող է կայացել, քանի որ նա եղել է գործ տվող ու հարամ փող տուն տանող մարդ, ո՛չ որպես բուհում սովորող ուսանող  է կայացել՝ սովորել է, բայց չի ավարտել։ Գյուղից քաղաք է եկել ու քաղաքում էլ չի ինտեգրվել, գյուղում ծնվելով՝ որպես գյուղացի էլ չի կայացել։ Մեզ բանակցելու համար ադեկվատ մարդ է պետք։ Ես մեղադրում եմ ինքս ինձ, որ նրան մինչև հիմա հանդուրժում ենք»։

  Հարցազրույցը դիտեք տեսանյութում։