ՌԴ ԶՈւ–ն հսկողության տակ է վերցրել Խերսոնի մերձակայքում տեղակայված ռազմակայանը

Ռուսաստանի զինված ուժերը հսկողության տակ են վերցրել Խերսոն քաղաքի մոտ գտնվող ռազմակայանը։ Տեղեկությունը լրագրողներին են հայտնել ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«ՌԴ զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմակայանը, որը գտնվում է Խերսոնի մարզի Ռադենսկ գյուղից ոչ հեռու։ Ուկրաինացի զինվորականները շտապ լքել են դիրքերը՝ թողնելով տեխնիկան, սպառազինությունն ու զինամթերքը», – ասել են գերատեսչությունում։

Ռազմակայանում հայտնաբերվել են ուկրաինական Տ-64 և Տ-80 տանկեր, զրահամեքենաներ, հետևակի մարտական մեքենաներ, «Ուրալ» ավտոմեքենաներ, ականների, հակատանկային կառավարվող հրթիռների, ականանետների և տանկային արկերի պահեստ, ընդհանուր առմամբ` ավելի քան 4,5 հազար տոննա ռազմամթերք:

Զենքի մի մասը` համազարկային կրակի համակարգերի համար նախատեսված հրթիռային արկերը, ականանետային զինամթերքը և բեկորային-ֆուգասային արկերը, պահվել է փողոցում։

Գերատեսչության տվյալներով՝ ենթադրաբար այստեղ պատրաստություն են անցել տարբեր ստորաբաժանումներ ՝ ծովային հետևակ, սակրավորներ, կապավորներ, տանկիստներ և հրետանավորներ: Բազայում կարող էր տեղակայվել մոտ 4 հազար մարդ։