Վերաքննիչը Առուշանյանին ազատ արձակելու միջնորդության մասին որոշումը կհրապարակի վաղը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, այսօր՝ փետրվարի 8-ին, տեղի ունեցավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը, որից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ 9։40-ին։

Պաշտպանները դատարանին հայտնել են, որ Առուշանյանն ազատության մեջ գտնվելով, չի խոչընդոտելու գործի քննությանը, և, որ դրա ռիսկն էականորեն նվազել է։ Նրանք հիշեցրել են նաև նախաքննության ընթացքում Առուշանյանի դեմ Քարահունջ վարչական շրջանի ղեկավար Լուսինե Ավետյանի մեղադրական բնույթի ցուցմունքը, որը դատաքննության փուլում հերքվել է։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ՝ ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: