Ռուս պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը ներողություն է խնդրել Շուշիի Կանաչ ժամը ռուսական անվանելու համար
ՌԴ պետդումայի պատգամավոր, «Родина» կուսակցության ղեկավար Ալեքսեյ Ժուրավլյովը ներողություն է խնդրել՝ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) պատկանելության վերաբերյալ իր հայտարարությունների համար։
Ըստ համացանցում տարածված նամակի, Ժուրավլյովը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանի նամակին, խոստովանելով, որ ավելի վաղ իր ունեցած տեղեկությունները եկեղեցու կառուցման ու պատկանելիության վերաբերյալ չեն համապատասխանել իրականությանը։
«Ձեր փաստարկները ճիշտ են և տարեգրությունը փաստում է, որ եկեղեցին մշտապես պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն։ Շուշիում միակ Ռուս ուղղափառ եկեղեցին իսկապես գտնվել է այլ վայրում։
Այս առումով, ցավում եմ ավելի վաղ արված հայտարարությունների համար ու ուզում եմ ներողություն խնդրել»,-գրել է Ժուրավլյովը։
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Ժուրավլյովը ադրբեջանամետ ռուս գործիչ է, ադրբեջանական քարոզչությանը զարկ տալով, հայտարարել էր, թե «Շուշիում ռուս ուղղափառ եկեղեցու հայկականացումը Հայաստանում ռուսաֆոբիայի դրսևորում է» ու հավելել, որ «տարածքները ազատագրելու Ադրբեջանի ջանքերն արժանի են ամենայն հարգանքի»։
Նշենք, որ Ադրբեջանը հայտարարել է, թե Կանաչ ժամը իբր ռուսական է եղել ու եկեղեցու ավերումն արդարացնում են «նախկին տեսքի վերականգնման» պատրվակով։

