Հիմա տարածաշրջանի ապագան որոշում է Հայ Զինվորը

Պատերազմի թոհուբոհի մեջ չմոռանանք` Թուրքիայի հիմնական նպատակների մասին, որոնք նա հետապնդում է` փաստացի հրահրելով և ղեկավարելով ադրբեջանցիների  բոլոր ռազմական գործողություններն Արցախում։

Հիշեցնեմ, որ Թուրքիայի համար տակտիկական առումով չափազանց կարևոր է ռազմական հիմքով ամրապնդվել մեր սահմանների մոտ , ավելի ճիշտ` թուրքերի համար  շատ կարևոր է լեգիտիմացնել իրենց փաստացի ներգրավվածությունը ռազմա-դիվանագիտական առումով, քանզի միայն դա թույլ կտա հետագայում շարունակել պան-օսմանական ծրագրի իրականացումը` բուն Հայաստանի Հանրապետության ուղղությամբ:

Ավելին` ապակայունացման գոտին ընդլայնելով դեպի Վրաստան , Իրան և Ռուսաստան (Հյուսիսային Կովկաս)։

Կլինի դա թուրք «խաղաղապահների տեսքով» մեր սահմաների մոտ, թե՛ առանձին ռազմաբազա տեղակայելով Ադրբեջանի տարածքում, թուրքերի համար էական կապ չունի։ Հիշեցնեմ պարզապես, որ իրենց գերխնդիրներից է ցամաքով վերամիավորվելը Ադրբեջանի հետ։ Իսկ հիմա պարզապես բացենք քարտեզը և նայենք, թե ում տարածքների հաշվին են սրանք ուզում  վերամիավորվել։

Իհարկե, թուրքերի մոտ գոյություն ունեն նաև գլոբալ խնդիրներ, որոնցից բխում է իրենց քայլերի տրամաբանությունը և իհարկե,  ո՛չ մեր եղբայրական Ռուսաստանը, ո՛չ բարեկամ Իրանը ձեռքները ծալած չեն նստի` նայելով, թե ինչպես Թուրքիան փորձում է դառնալ հիմնական ռազմաքաղաքական մոդերատորը Հարավային Կովկասում, բայց դե մենք էլ, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, պետք է ճիշտ և իրավիճակին համահունչ հաշվարկներ անենք։

Իսկ մեր հաշվարկները կապված են հիմա բացառապես պատերազմի ընթացքից…այնպես որ հիմա տարածաշրջանի ապագան որոշում է Հայ Զինվորը։

Եվ սա պաթոս չէ, սա, առանց ավելորդ  հուզականության, «չոր» իրականություն է։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից