Երգը՝ պատմության խորխորատներից (տեսանյութ)

Անցած դարասկզբին հայ ազգի մշակութային գանձարանը հարստացրեց Վանի նահանգում ծնված Հայրիկ Մուրադյանը:

Նրան Հայրիկ են կնքել՝ ի պատիվ Խրիմյան Հայրիկի:

Անունն այդ խոստումնալի էր, նրան ի վերուստ շնորհ տրվեց:

Հայրիկը հայ երգի ու բանահյուսության հետ ծանոթացել է Վանում սովորելու տարիներին:

1915 թ., տակավին երեխա, Հայրիկը ողջ գերդաստանի հետ բռնում է գաղթի ճամփան:

Նրանց ոդիսականն ավարտվում է 1921 թ., երբ վերջնականապես ընտանիքը տեղափոխվում է Հայաստան:

Ցավոք նրա գերդաստանից ողջ են մնում միայն մայրը, եղբայրն ու հորեղբայրը:

Հայրիկ Մուրադյանն ավարտում է դպրոցը, Երևանի պետական համալսարանը:

Աշխատում է շրջաններում, որտեղ էլ հանդիպում է Աննային և ամուսնանում:

Շատերի նման 1937 թիվը նրանց ընտանիքին էլ չի շրջանցում. Հայրիկը հայտնվում է բանտում:

Հայրենական պատերազմի տարիներին նա պաշտպանում է հայրենիքը, ինչի համար պարգևատրվում է «Հայրենական պատերազմի շքանշանով», «Պատվո նշանով» և մարտական մեդալներով:

Հայրիկ Մուրադյանը հավաքագրել է ազգագրական երգեր, և միայն 1965 թ. մենք առաջին անգամ հնարավորություն ունեցանք վայելելու նրա մաքրամաքուր երգն ու վճիտ ձայնը: Նա պատմության խորխորատներից է վերհանել հայ մաքուր երգը:

Պտուղը՝ ծառի տակ:

1980 թ. Մարո Մուրադյանը և Հայրիկ Մուրադյանը հիմնում են «Ակունք» համույթը, որի հարուստ երգացանկը սիրում է ժողովուրդը:

Ավելի ուշ ստեղծվում է «Վան» ազգագրական

համույթը:

Հայրիկ  և Մարո Մուրադյանների արձակած շիվերն այսօր էլ հիացնում են եվրոպական հանդիսատեսին:

Նրա որդին՝ Լևոնը, հարսը՝ Նարինե Դելլալյանը, Հարություն Դելլալյանի դուստրը, նրանց զավակները տարիներ ի վեր ապրում են Պորտուգալիայում և օտարության մեջ պահում են հայկական մշակույթը:

Նույնիսկ Հայաստանից դուրս նրանք ամուր կառչած են իրենց արմատներին:

Հայրիկ Մուրադյանի անունով գործում է հասարակական կազմակերպություն:

Երևանի Մաշտոցի պողոտայի 6-րդ շենքի պատի հուշատախտակը և նրանց թողած մշակութային հզոր ժառանգությունը մեզ մշտապես հիշեցնելու են Հայրիկ և Մարո Մուրադյաններին: