Հայաստանն ԱՄՆ-ի գաղութի կարգավիճակում, կամ` Ինչու չստորագրվեց ՀՀ-ում կենսաբանական լաբորատորիաներին առնչվող փաստաթուղթը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անցած տարվա 2018թ. դեկտեմբերի 16-ին www.kp.ru-ին տված հարցազրույցում պատասխանելով «Մեզ հետ Հայաստանը ռազմավարական դաշնակից է, ինչո՞ւ մենք 2016 թվականին ամերիկացիներին թույլատրեցինք այնտեղ կառուցել 3 կենսաբանական լաբորատորիաներ» հարցին, բառացի ասել է հետևյալը.

«Մեզ մոտ Հայաստանի հետ ավարտվում է փաստաթղթի նախապատրաստման գործընթացը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինծառայողների բացակայությունը, և որը երաշխավորելու է այն, որ այդ ամենը լինելու է թափանցիկ»:

Նման փաստաթուղթ ստորագրելու Ռուսաստանի ցանկությունը, կարծում ենք, պայմանավորված է հայ մասնագետների եզրակացություններին չվստահելու և Ռուսաստանի միանգամայն հասկանալի անհանգստության հանգամանքով: Ամեն ինչից զատ, մենք չունենք այնպիսի բարձր որակավորում ունեցող մասնագետներ և տեխնիկական համապատասխան հագեցածության լաբորատորիաներ, որոնք հավասարազոր են այս առումով Պենտագոնի կարողություններին և թույլ կտան Պենտագոնի ֆինանսավորած և Հայաստանում գործող այդ լաբորատորիաներում հայտնաբերել կենսաբանական կամ գենետիկական զենքի ստեղծում կամ այդ նպատակով կատարվող ուսումնասիրություններ, փորձարկումներ, եթե դրանք իրոք կատարվում են:

«Ռուսաստանն անհանգստացած է, որ իր սահմանների երկայնքով տեղի է ունենում այդ լաբորիատորիաների կառուցումը, և այդ անհանգստությունը տեղին է, որովհետև մի կողմից ԱՄՆ-ը չի թույլատրում Ռուսաստանին ստուգել իր կենսաբանական լաբորատորիաները, մյուս կողմից՝ Ռուսաստանը շրջապատում է այդ կենսաբանական լաբորատորիաներով: Եվ Ռուսաստանը վախեր ունի, և ոչ միայն Ռուսաստանը, նաև` Չինաստանը, նաև Պարսկաստանը…»,- «Հենարան» մամուլի ակումբում ս. թ. նոյեմբերի 18-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը:

Թե ռուս մասնագետները որոշակի ե՞րբ իրավունք և հնարավորություն կունենան այդ լաբորատորիաներ մտնելու և ստուգումներ անելու, դեռ հայտնի չէ: Փաստն այն է, որ տվյալ փաստաթուղթը ս. թ. նոյեմբերի 11-ին Ռուսաստանի արտգործնախարարի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում չի ստորագրվել, թեև ավելի վաղ, ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, նախատեսված էր, որ պետք է ստորագրվի: Ամենայն հավանականությամբ, տվյալ փաստաթուղթը դեռ վաղուց պատրաստ է, սակայն ամերիկյան կողմը դրա նկատմամբ, ըստ երևույթին, ինչ-որ վերապահումներ ունի:

Նույն ասուլիսի ժամանակ փորձագետն անդրադառնալով  Սերգեյ Լավրովի 2018թ. վերոնշյալ հայտարարությանը, հիշեցրեց` ինքը դեռ այն ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը դեմ չի լինելու Հայաստանի կողմից հիշյալ փաստաթղթի ստորագրմանը, բայց կարող են լինել որոշ վերապահումներ, և այդպես էլ տեղի ունեցավ:

«Փաստերը և հասանելի տեղեկատվությունը վկայում են այն մասին, որ այդ փաստաթուղթը չի ստորագրվել այն պատճառով, որ հայկական կողմը դեռ պատրաստ չէ, դրա մասին տեղեկացրել են ռուսական դիվանագիտական շրջանակները, որ հայկական կողմը դեռ պատրաստ չէ ստորագրել այդ պայմանագիրը, որը թույլ կտա ռուսաստանցի մասնագետներին մուտք գործել Պենտագոնի գումարներով կառուցված լաբորիատորիաներ, և, ըստ երևույթին, հայկական կողմը դեռ չի համաձայնեցրել այդ փաստաթուղթը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյանի հավաստմամբ, վերոնշյալ փաստաթղթի չստորագրման դեպքում մենք կհայտնվենք բավականին դժվար դրության մեջ: ՍԱՊԾ նախկին պետի տեղեկացմամբ, ըստ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի վերջին տվյալների, աշխարհում ԱՄՆ-ի կողմից ստեղծված մոտ 200 այդպիսի լաբորատորիա կա: Դրանք, ինչպես Գրիգորյանը նշեց, հիմնականում` հետխորհրդային մի շարք հանրապետություններում են, ինչպես նաև Աֆղանստանում, Պակիստանում, Քենիայում, Տանզանիայում, Ուգանդայում, Թայլանդում, Լաոսում…

«Մինչև 2008թ. Հայաստանը բալանս էր պահպանում կենսաբանական զենքի ոլորտում, այսինքն՝  պահում էր կենսաբանական  անվտանգության համակարգն իր տնօրինության տակ, թույլ չէր տալիս այլ երկիր մտնի,- ասաց Գրիգոր Գրիգորյանը:-  2008-ին երբ փոխվեց իշխանությունը, այդ բալանսը խախտվեց, այսինքն` թույլ տրվեց երկու գլոբալ հակառակորդներից մեկին տնօրինել, այսինքն` մուտք գործել մեր դաշտ: Ես համարում եմ, որ Հայաստանն այսօր դե ֆակտո (դե յուրե ինքն անկախ երկիր է), շնորհիվ ներկայիս վարչախմբի, գաղութի կարգավիճակում է, ԱՄՆ-ի գաղութի, և այդ գաղութացումը սկսվել է դեռ 2008 թվականից հենց այդ կենսաբանական ծրագրի շրջանակում համագործակցությունից: Մարդիկ պետք է հասկանան, որ գաղութացումը չի նշանակում կենդանի ուժով, զինվորներով գալ կամ, ասենք, ռազմական բազա դնել, դա նրանց պետք չէ, ինչու ծախսել գումարներ, եթե հնարավոր է պարզապես հասկացնել կառավարությանը, որ ամբողջ բնակչությանը կարող ենք մի շաբաթվա մեջ վերացնել, արդեն այդ վախը բավական  է նրա համար, որ կառտվարությունները կատարեն այն, ինչ իրենց ասում են»:

Փորձագետի կարծիքով, այսօր ԱՄՆ-ը ներկայիս վարչախումբը դիտում է որպես նախկին վարչախմբի շարունակություն, և նա սպասում է այս վարչախմբից ավելի ակտիվ գործողություններ, նրանց համար զարմանալի կլիներ, եթե այս վարչախումը փորձեր ինչ-որ մի բանով ընդդիմանալ, այս վարչախումբը չի կարող ընդդիմանալ ԱՄՆ դեսպանատան ոչ մի հրահանգի:

«Դա արդեն ակնհայտ է,- շարունակելով իր խոսքը, ասաց Գրիգոր Գրիգորյանը,- դա պարզաբանման կամ բացատրության կարիք չունի, և մեր գործընկերները այդ ամենը տեսնում են, ու հենց դրանով են պայմանավորված նրանց վախերը, որ ունենալով ոչ ադեկվատ, ապիկար վարչախումբ, որը կատարում է ցանկացած հրահանգ երկրորդ երկրի կողմից, այդ հրահանգը կարող է լինել ցանկացած բնույթի, այդ հրահանգը կարող է վնաս պատճառել, և դրա համար ռուսաստանցի մեր գործընկերները պարզապես փորձում են կանխարգելել, նրանք ցանկանում են Հայաստանին տալ հնարավորություն իրենց համոզել, որ իրենք հարված չկատարեն, այսինքն` Հայաստանին տալ հնարավորություն իրենց ապացուցել, որ Հայաստանի լաբորատորիաները չեն ծառայում ինչ-որ անաստված նպատակների, և ռուս մասնագետների մուտքն այդ տեսակետից լիովին հիմնավորված է»:

ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում, որ ամերիկյան ֆինանսական միջոցներով ՀՀ-ում վերազինված կենսաբանական լաբորատորիաներ մոտ ապագայում կարողանան մուտք գործել ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչներն ու մասնագետները․ այս մասին օրերս «ՍվիլիՆեթ»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին՝ մեկնաբանելով այն պաշտոնական հայտարարությունները, որ Հայաստանն ու Ռուսաստանը շուտով ստորագրելու են հուշագիր՝ այդ լաբորատորիաները ՌԴ առողջապահության և ռազմական ոլորտի մասնագետների առջև բացելու համար:

Նկատենք, սակայն, որ ռուսաստանցի մասնագետների` նախապես համաձայնեցված օրն ու ժամին մեկ-երկու անգամ հիշյալ լաբորատորիաներ մուտք գործելը և ակնադիտարկում անցկացնելը մի բան է, իսկ ցանկացած պահի մուտք գործելու և համապատասխան սարքավորումներով ուսումնասիրություններ կատարելու իրավունք և հնարավորություն ստանալը, այսինքն` իրական վերահսկողություն իրականացնելը, բոլորովին այլ բան: Ահա, թերևս, հենց այս վերջինին է, որ ԱՄՆ-ը դեմ է, սակայն այդ մասին չի բարձրաձայնվում, այլապես ինչպե՞ս բացատրել Հայաստանի կողմից Ռուսաստանի հետ հիշյալ փաստաթղթի ստորագրման հետաձգումը կամ ձգձգումը:

Հայաստանի կենսաբանկան լաբորատորիաներ ռուսաստանցի մասնագետների մուտքը թույլատրելու մասին հուշագրի ստորագրման գործընթացը չպետք է ձգձգվի: Այս մասին ՌԴ արտգործնախարարի Հայաստան կատարած այցից և փաստաթղթի ստորագրմանը ՀՀ-ի պատրաստ չլինելու փաստին բախվելուց հետո, նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հույս ունենք, որ այն (փաստաթղթի ստորագրումը.- Ա. Հ.) չի ձգձգվի»,- հավելել է Մարիա Զախարովան:

Դիվանագետը նշել է նաև, որ այժմ տեղեկություն չունի փաստաթղթի ստորագրման մոտավոր ժամկետի վերաբերյալ: Մինդեռ, ՏԱՍՍ-ի նույն հրապարակման համաձայն, ս. թ. նոյեմբերի 11-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունների արդյունքում ՌԴ արտգործնախարարը հայտարարել է հուշագրի շարադրանքի (բովանդակության) շուրջ բանակցությունների ավարտի մասին: Ինչպես ակնհայտ է, Սերգեյ Լավրովի այս հայտարարությունը, եթե ՏԱՍՍ գործակալությունն այն չի աղավաղել, ինչը քիչ հավանական է, հակասում է դեռ 2018թ. դեկտեմբերի 16-ին www.kp.ru-ին տված վերոնշյալ հարցազրույցում նրա այն հայտարարությանը, որ «Մեզ մոտ Հայաստանի հետ ավարտվում է փաստաթղթի նախապատրաստման գործընթացը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինծառայողների բացակայությունը, և որը երաշխավորելու է այն, որ այդ ամենը լինելու է թափանցիկ»: Այսինքն` եթե 2018թ. դեկտեմբերի դրությամբ ավարտվում էր փաստաթղթի նախապատրաստման գործընթացը, ապա դրանից մոտ մեկ տարի հետո խոսք չպետք է լիներ հուշագրի շարադրանքի (բովանդակության) շուրջ բանակցությունների ավարտի մասին: Պարզ է, որ ինչ-որ բան այն չէ, և Լավրովը փակագծերը չի բացում և այժմ հուշագրի շարադրանքի (բովանդակության) շուրջ բանակցությունների ավարտի, այսինքն` մեկ տարի հետո դարձյալ փաստաթղթի նախապատրաստման գործընթացի ավարտի մասին է խոսում զուտ դիվանագիտորեն, Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունները չփչացնելու նպատակով: Այս ամենից հետո մտածում ես, որ, իրոք, Հայաստանն ԱՄՆ-ի գաղութի կարգավիճակում է:

Արթուր Հովհաննիսյան