Թրամփին՝ իմպիչմենտ, Սանդերսին՝ «պայքար օլիգարխների դեմ»

Աշխարհում դեռ չեն հասցրել «մարսել» Ջոն Բոլթոնի հրաժարականը, երբ գրեթե անմիջապես ևս մեկ ալիք բարձրացավ՝ սպառնալով ԱՄՆ-ում լուրջ ներքին ընդվզումներ:

Եվ ահա ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության առաջատար շրջանակները անցան հարձակման: Նրանք վերսկսեցին իմպիչմենտի գործընթացը նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Նա կրկին մեղադրվում է ԱՄՆ սահմանադրության անտեսման և կոպիտ խախտումների համար: Ինչպես և 2017-ին, հիմա էլ որպես նախաձեռնող հանդես է գալիս «Քաղաքացիները Վաշինգտոնում պատասխանատվության և էթիկայի համար» (CREW) հասարակական կազմակերպությունը, որը միավորում է իրավաբաններին, իրավագետներին և մասնագիտական էթիկայի փորձագետներին: Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ 2-րդ շրջանի վերաքննիչ դատարանը որոշեց վերսկսել գործի քննությունը ըստ հայցի, որ Թրամփը գործարար հարաբերություններ է պահպանում օտարերկրյա գործարարների հետ՝ խախտելով երկրի սահմանադրությունը։ Այդ մասին է վկայում դատարանի էլեկտրոնային տվյալների բազայում ստացված տեղեկատվությունը: Այսպես ասած, շփոթում է իր գրպանն իր իսկ պետական ​​դիրքի հետ… Կազմակերպության ներկայացուցիչները շեշտում էին, որ հանրապետականը չի հրաժարվել իր ընկերությունների սեփականության իրավունքից, այլ միայն հեռացել է նրանց ղեկավարումից, ինչպես նաև չի վաճառել իրեն պատկանող ակտիվները, այդ թվում՝ արտասահմանյանները:

Մեղմ ասած, մաքուր տեսքով օլիգարխիա է: Իսկ Նիկոլ Փաշինյանն ու մյուսները ուրախությունից խեղդվում էին, թե՝ վայ, «Հայաստանում այլևս օլիգարխներ չկան»: Այո… Դե, չկան, չկան, չնայած․․․ Հայաստանի օլիգարխները բոլորն իրենց տեղերում են: Այնպես որ, նույնիսկ Ամերիկային է առաջնորդում օլիգարխը. էլ ինչու ենք մենք Հայաստանում կաշվից դուրս գալով փորձում Արևմուտքին ապացուցել, որ մենք ենք «ամենահավատարիմ դեմոկրատներն ու հակաօլիգարխները»:

«Ամերիկյան համակարգին» մահացու հարված հասցրեց քաղաքական «ծանր քաշային» գործիչ, դեմոկրատ, նախկին նախագահի թեկնածու, Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսը: Հիշեցնեմ. նա ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​կուսակցությունում ներկայացնում է այն ուժերը, որոնց արդեն 10 տարի է՝ բոլորն անվանում են «հակաքլինթոնյան»: Միջազգային ԶԼՄ-ները տարածեցին, որ սեպտեմբերի 13-ին պարոն Սանդերսը կտրուկ հայտարարեց, թե «ԱՄՆ-ը վերածվում է օլիգարխիկ պետության»: Սանդերսին ամերիկյան լրատվամիջոցներում նախկինում էլ հաճախ անվանում էին «սոցիալիստ»: Բայց հիմա նա հստակորեն գերազանցել է ինքն իրեն և բոլոր սոցիալիստական ​​տեսությունները: Սակայն եկեք չշտապենք գնահատականներ տալ. ի վերջո, Ամերիկայում իրական «ապստամբները» հաճախ գնդակահարվում էին՝ սկսած նախագահ Լինքոլնից: «Ավելորդ է ասել, որ մենք պետք է հաղթահարենք և կհաղթենք մեր երկրի պատմության ամենավտանգավոր նախագահ Թրամփին: Այնուամենայնիվ, մենք ավելիին ենք ունակ: Մենք պետք է ընդունենք, որ մեր երկիրը վերածվում է օլիգարխիկ հասարակության, որտեղ նախագահ Դոնալդ Թրամփի պես մի բուռ միլիարդատերերը վերահսկում են տնտեսական և քաղաքական կյանքը: Եվ ես, երբ նախագահ դառնամ, պատրաստ եմ մարտահրավեր նետել նրանց»,- հայտարարել է Սանդերսը: Ի վերջո, ամեն ինչ լսելի է, այնպես չէ՞: Սանդերսը խոստանում է պայքարել օլիգարխիայի դեմ, միայն եթե նա ընտրվի նախագահ…

CREW կազմակերպության քայլը և Սանդերսի հայտարարությունը հստակ հաստատում են գեներալ Ջեյմս Մեթիսի նախազգուշացումներն այն մասին, որ «ԱՄՆ-ը պառակտվում է պատերազմող ցեղերի»:

Սերգեյ Շաքարյանց