«Գրավյալ տարածքներ» Արցախը չունի․ Սահմանադրություն կարդացեք

Տեսնելով Հայաստանի այսօրվա իշխանությունների տխրահռչակ «տոլերանտությունն» Արևմուտքի ամեն մի փռշտոցի հանդեպ, ԵԱՀԿ-ում ակտիվացել են ամերիկամետ շրջանակները։ Այս հետևությունը բխում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմմինգերի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման մասին նոյեմբերի 2-ի հաղորդագրությունից։ ԵԱՀԿ-ն հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը կարգավորման հասնելու կամք կդրսևորեն, բայց համապարփակ խաղաղության համար ոչ սովորական զիջումներ են պետք։ «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին հայտարարել էր Թոմաս Գրեմմինգերը ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Հակամարտության բոլոր  կողմերին անհրաժեշտ է աշխատել կառուցողական գծով, որպեսզի խուսափեն հռետորության սրացումներից և նվազեցնեն առճակատման գծում լարվածությունը։ Ես համարում եմ նաև, որ այս ժամանակը պետք է օգտագործել կառուցողական բանակցություններին նպաստող մթնոլորտ ստեղծելու համար։ Նման մթնոլորտը ծայրահեղ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը կարողանան գնալ ոչ սովորական զիջումների, որոնք անհրաժեշտ են երկարատև ու համապարփակ խաղաղության հասնելու համար», – ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։

Սրիկաների հմտությունը՝ նման լպրծուն ֆրազների տակ թաքցնել իրենց իրական մտադրությունները, սովորաբար անվանում են դիվանագիտություն։ Բայց մենք լավ հիշում ենք, թե Երևանում ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնն իր այցի արդյունքում ինչ հայտարարեց Արցախի մասով, մատնանշելով ԱՄՆ-ի սպասելիքները Նիկոլ Փաշինյանից։ Ինչ-որ բաներ մենք արդեն տեսանք․ Փաշինյանը, երբ խոսեց Իրանի հետ սահմանը փակելու հավանականության մասին, ըստ էության, մեզ ակնարկեց, որ ինքը, որպես արևմտամետ մարդ, պատրաստ է Հայաստանը միացնել ամերիկացիների հակաիրանական պատժամիջոցներին։

Այո, հետագայում շատ բան տեղի ունեցավ, շատ բաներ հնչեցին, բայց Փաշինյանի անհավասարակշիռ հայտարարությունն Իրանի հետ սահմանի հնարավոր փակման առումով եղել է, և քանի որ նա չի փորձել շտկել այն, ուստի ամբողջ ասվածն ուժի մեջ է։ Իսկ թե ինչ է սպասում ԱՄՆ-ն Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ինչպես հայտնի է, բարձրաձայն ու լկտիաբար հայտարարել էր Երևանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Այս սուբյեկտին մենք դեռ կանդրադառնանք։ Իսկ առայժմ ասենք, որ բոլորովին էլ պատահականություն չէր, որ հենց նոյեմբերի 2-ին Թուրքիան հայտարարեց․ «Թուրքիան, ինչպես և նախկինում, սատարելու է Ադրբեջանին, նաև օրակարգում է պահելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցը։ Եթե Հայաստանը ցանկանում է նորմալացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, պետք է անհապաղ ազատի գրավյալ ադրբեջանական տարածքները։ Հայաստանը պետք է նաև հրաժարվի 1915 թ․ իրադարձությունների առիթով Թուրքիային ներկայացվող նկրտումներից․․․»։

Հարկ չեմ համարում շարունակել թուրքական անհեթեթության մեջբերումը։ Տեսնո՞ւմ եք, որ թուրքական նախապայմանները նախկինի պես առաջադրվում են։ Հայ ժողովուրդը 1998 թ․, ի վերջո, ստիպեց հրաժարական տալ նրանց, ովքեր 1992 թվականից սկսած, փայփայում էին «թուրքական սահմանը բացելու» երազանքը։ Քանզի նրանք արդեն պատրաստվում էին փաստացի հանձնել Արցախը «փուլային կարգավորման ծրագրին» համապատասխան, ինչպես դա 1997թ․ պարզ էր Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե խաղաղություն» ապոկալիպտիկ հոդվածից։ 1997թ․ դեկտեմբերին «Առավոտ» օրաթերթում հրապարակվեց իմ բաց նամակ-պատասխանը ազգային կապիտուլյացիան արդարացնելու այդ փորձին։ Պատասխանի իմաստը նրանում էր, որ հայ ազգի համար մեկ է, թե ինչպիսին կլինի կարգավորման ծրագիրը՝ փուլայի՞ն, թե փաթեթային, հայ ժողովուրդը պահանջում է, որ կարգավորման ցանկացած փաստաթուղթ հստակորեն ամրագրի Արցախի ռազմական հաղթանակի արդյունքը 1991-94 թթ․ մարտական գործողությունների ընթացքում։ Եվ դա այն «կարմիր գիծն է», որն անցնել ոչ ոքի թույլատրված չէ։

Հիմա հիշենք Միլսի լպիրշությունը, ով EVN-ն տված հարցազրույցում ասել էր, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց «գրավյալ տարածքների» որոշակի մասը վերադարձնելու։

«Գրավյալ տարածքները վերադարձնելու հարցը Մադրիդյան սկզբունքների հիմնարար կետերից մեկն է,- ասել է նա։- Երբ ես նոր էի եկել Հայաստան, տեսա, որ հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է գրավյալ տարածքները  վերադարձնելուն։ Ինձ թվում է, որ մենք մի քայլ հետ ենք անում։ Իմ կառավարությունը երկար տարիներ կարծում էր, որ այդ տարածքները վերցվել են նրա համար, որ հետո օգտագործվեն «հողեր՝ խաղաղության դիմաց» բանաձևի շրջանակներում»։

Միլսն ընդգծել է, որ 2016 թ․ ապրիլյան դեպքերն էլ ավելի են ամրացրել հայերի այդ (գրավյալ տարածքները  վերադարձնելուն դեմ լինելու) դիրքորոշումը։

«Հիմա լուծել այդ հարցն ավելի դժվար կլինի, բայց դաժան իրականությունը նրանում է, որ ցանկացած կարգավորում գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ է պահանջում»,- ասել է դեսպանը։

Թե ինչ կա կամ չկա «Մադրիդյան սկզբունքներում», առանձին և լուրջ հարց է։ Ինչպես և այն, թե դրանք ստորագրե՞լ են, արդյոք, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Կգա ժամանակը, և նրանք գուցե կպատմեն հանրությանը, թե որոշակիորեն ինչի՞ն էին ուղղված իրենց ջանքերը՝ դիմակայելու համար այն միջազգային ուժերի ճնշմանը, որոնք կանգնած էին Թուրքիային ու Ադրբեջանին պաշտպանելու դիրքերում, և այսօր էլ ամեն կերպ օգնում են Անկարային ու Բաքվին։

Տարբեր միլսերի ու բոլթոնների կողմից Երևանում բարձրաձայնած հրամաններին հակադարձելու համար, սկզբում անդրադառնանք հենց նույն «Մադրիդյան սկզբունքներին»։ Նաև հիշեցնենք, որ տարածքների մասին» չարաբաստիկ հարցը հերթում միայն երրորդն է։ Այդ փաստաթուղթը, ինչպես բազմիցս խոստովանել են ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները, այսինքն՝ նաև ԱՄՆ-ը, բանակցային սեղանի վրա գտնվող միակ փաստաթուղթն է։

Դրա առաջին երկու կետը Ադրբեջանին ձեռնտու չեն․

«1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի հանրաքվեի միջոցով, որը ԼՂ բնակչությանը հնարավորություն կտա իրապես ազատորեն ինքնարտահայտվել։ Այդ հանրաքվեն անցկացնելու եղանակն ու ժամանակը կողմերի միջև կհամաձայնեցվեն 9-րդ կետում նկարագրված ձևով տարվելիք հետագա բանակցություններում։ ԼՂ բնակչություն ասելով ի նկատի ունենք բոլոր ազգությունների անձանց, ովքեր ապրել են ԼՂ-ում 1988 թ․, նույն էթնիկ համամասնություններով, որ էր մինչև հակամարտության սկիզբը։ Հանրաքվեին դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումը չպետք է սահմանափակվի և պետք է ցանկացած կարգավիճակի հնարավորություն թույլատրի։

2) Միջանկյալ փուլի ընթացքում, մինչև ԼՂ վերջնական կարգավիճակը որոշելը, բնակչությունը կունենա որոշակի իրավունքներ և արտոնություններ, որոնք կշարադրվեն Խաղաղության Համաձայնագրում, ներքո նկարագրված ցուցումներին համապատասխան։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը/բնակիչները իրավունք կունենան պաշտպանել և հսկել սեփական քաղաքական ու տնտեսական կենսունակությունն ու անվտանգությունը օրենքի նորմերի նվիրյալ ժողովրդավարական հասարակության շրջանակներում։ Նրանց մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները պետք է հարգվեն․․․» և այլն (ընդգծումը՝ հեղինակինը)։

Փաշինյանը թող միշտ հիշի, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում (2015 թ․ խմբագրություն) Արցախը ոչ մի կերպ չի հիշատակված, հետևաբար Հայաստանի ցանկացած կառավարիչ պարտավոր է հաշվի նստել այն բանի հետ, որ գոյություն ունի Արցախ-ԼՂՀ Սահմանադրություն։

Մեջբերում եմ անիրազեկների համար․ «Հոդված 142։ Մինչև ԼՂՀ պետական տարածքների ամբողջականության վերականգնումը և սահմանների հստակեցումը հանրային իշխանությունը իրականացվում է փաստացի ԼՂՀ իրավազորության տակ գտնվող տարածքների վրա»։ Այսպիսով, «անվտանգության գոտու» տարածքները Արցախի անբաժանելի մասն են, և ոչ ոք իրավունք չունի որևէ մեկի հետ բանակցություններ վարել իրեն չպատկանող հողերի վերաբերյալ, առավել ևս՝ հակամարտության կողմի Սահմանադրությունում նշված տարածքների։ Հայաստանն իրավունք չունի խախտել Արցախի Սահմանադրությունը, և դա նույնպես «կարմիր գիծ» է, որն անցնելու իրավունք Երևանը չունի։ Հակառակ պարագայում հետևանքներն անշրջելի կլինեն առաջին հերթին նրանց համար, ովքեր  կխախտեն այդ արգելքը։ Սակայն, կտուժի նաև ամբողջ ազգը։

Արցախցի հռչակավոր գեներալ Վիտալի Բալասանյանը հստակորեն հասկացրել է, որ Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական դաշինքն անխուսափելի է, ընդ որում, փաստաթղթի շարադրանքի համաձայն, հենց Հայաստանն է լինելու Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Հետագան՝ արդեն ուրիշ թեմա է․․․

 

Սերգեյ Շաքարյանց