Զարմանուհին՝ հերոսական նկարագրի հայուհին

Հայոց պատմությունը լի է մեր ազգի ներկայացուցիչների հերոսական և հայրենապաշտ գործունեությամբ: Մեր պատմության փոթորկահույզ ընթացքում անմահ  է մնացել նաև իշխանուհի Զարմանուհու կերպարը, որն ապրել ու գործել է Կիլիկյան Հայաստանում, 14-րդ դարում, եղել է Ռուբինյան տոհմից Հեթում սպարապետի կինը: Նա ոչ միայն սիրող կին էր, այլև մարտնչող առյուծ և իր հայրենիքի՝ Կիլիկյան Հայաստանի նվիրյալ պաշտպանը։ Իսկ մեր հայրենիքը հարկադրաբար միշտ պատերազմել է թշնամիների դեմ:

Կիլիկյան Հայաստանի արքաները և իշխանները հաջողությամբ մարտնչել են Բյուզանդիայի կայսրության, Իկոնիայի սուլթանության և այլ հակառակորդների դեմ: Մեր հայրենիքը ցանկանում էր նվաճել նաև Եգիպտոսի Էյուբյան պետությունը: Կիլիկյան գահակալները կարողացել են հաջողությամբ համագործակցել մոնղոլ նվաճողների և եվրոպական տիրակալների հետ: Հայերը բազում հաղթական մարտեր են մղել և ապահովել իրենց տեղն արևի տակ:

Պատմության վավերագրերը հավաստում են, որ 1363թ. Եգիպտոսի սուլթանության զորքերն արդեն որերորդ անգամ պաշարել են Սիս մայրաքաղաքը: Հայերը հերոսական դիմադրություն են ցույց տվել: Արյունահեղ այս ճակատամարտին մասնակցել է ոչ միայն Հեթում սպարապետը, այլև նրա փառահեղ կինը՝ Զարմանուհին: Վերջինս կռվել է ամուսնու կողքին, ցուցաբերելով խիզախության հրաշալի օրինակներ: Նա ռազմի դաշտում  սպանել է մամլուք զորավար Էոմերին և փառքով պսակել իր անունը: Ցավոք, ամուսինը հերոսի մահով ընկել է մարտում:

Զարմանալի են հերոսության և անձնվիրության մղումները, որոնք սահմաններ չեն ճանաչում: Զարմանուհուն վիճակված էր կատարել պատմական առաքելություն. նա ոչ միայն հաղթել է թշնամիներին, այլև պահպանել մեր պետությունը, առանց որի հնարավոր չէր լինի ազգը և հայրենիքը պաշտպանել: Նա իր Գևորգ որդու հետ միասին ապաստանել է Լեռնային Կիլիկիայի Կոկիսոն և Կապան ամրոցներում, 300 խիզախ լեռնականների գլուխ անցած, ազատագրելով այդ բերդերը: Զարմանուհին 65 տարի կարողացել է պահպանել այդ փոքր պետությունը, անցնելով լուրջ փորձությունների միջով: Սա հայ ամենահաղթ ոգու արտահայտությունն է, որին ոչ ոք չի կարող ընկճել:

Որոշ պատմաբաններ համառորեն, բայց, ըստ իս, առանց լուրջ հիմնավորումների, հայտնում են տեսակետ, թե Կիլիկյան պետության կործանումից  հետո Հայոց պետականություն իբր չի եղել և այն վերականգնվել է միայն 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության  ստեղծմամբ: Մինչդեռ, վավերագրերը ցույց են տալիս, որ պետականությունը Հայկական լեռնաշխարհում երբեք չի վերացել: Խոսքը Համշենի, Սասունի, Արցախի, Սյունիքի, Սամցխեի և այլ իշխանությունների մասին է: Նրանցից մեկն է եղել Զեյթունի անկախ իշխանությունը, որը պարզապես չի ճանաչվել միջազգայնորեն:

Անվանի գիտնական Ղ. Ալիշանն իր ‹‹Սիսվան›› աշխատության մեջ կարծում է, որ Զեյթունը կամ Ուլնիան՝ իբրև ինքնուրույն երկիր, սկսել է կազմակերպվել Ռուբինյան կամ Սիսվանյան թագավորության անկումից հետո:  Անկոտրում իշխանները շարունակել են իրենց անկախությունը պահպանել լեռնային անառիկ վայրերում: Մեծանուն հետազոտողն այս առումով վկայակոչում է 1473 թվականին գրված մի հիշատակագիր: Ըստ այդ պատմական փաստաթղթի, հայոց մեծ զորավար Հեթումի կինը՝ Զարմանուհին, քաշվել է Զեյթունի անմատույց լեռները  և տիրացել Կապան անառիկ բերդին: Ալիշանը Զարմանուհուն իրավամբ համարում է Զեյթունի անկախ իշխանապետության հիմնադիրը:

Զեյթունը կամ Ուլնիան գտնվում է Լեռնային Կիլիկիայի հյուսիս-արևելքում՝ Սիս մայրաքաղաքից հյուսիս, Մարաշի և Հաճընի միջև՝ անմատչելի ժայռերով պատսպարված վայրում: Բնական անառիկ տեղանքը՝ Տավրոսի լեռնաշղթան, այստեղ կտրտված է, իսկ քաղաքը պաշտպանված է հզոր ժայռերով ու անդնդախոր ձորերով: Դրա շնորհիվ էլ Զեյթունը կոչվել է Կիլիկիայի գահ›:

Կարծում ենք, Զարմանուհու գործունեությունը կարոտ է խոր և համակողմանի ուսումնասիրության, քանի որ լավագույնս ներկայացնում է հայ ազնվականության պետականակերտ էությունը և պատմական առաքելությունը: Դեռևս լիովին չեն բացահայտվել հայոց պետականության ծագման, զարգացման իրական օրինաչափությունները, այլ երկրներում հայերի կերտած պետական կազմավորումների պատմությունը և այլն:

 

Ռուբեն Նահատակյան