«Ելք» խմբակցությունից Հրաչյա Հակոբյանը մոռացե՞լ է, որ ուզում էին կաթողիկոսին հրել, գցել ձորը (տեսանյութ)

 

ՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը խուսափելով պատասխանել լրագրողի հարցին, ասաց․ «Դուք դեռ լո՞ւրջ եք վերաբերվում ՀՀԿ-ի ասածներին, ես զարմանում եմ, որ մինչ էս պահը դուք դեռ շարունակում եք ՀՀԿ-ի ասածներին լուրջ վերաբերվել և մեզ հարցեր տալ՝ հղում կատարելով ՀՀԿ-ին»։

Նկատի ունենանք, որ պատգամավորները լրագրողների հարցերին սովորաբար խուսափում են պատասխանել ասելիք, պատասխան չունենալու պարագայում։ Պատասխանելով մեկ այլ հարցի («ՀՀԿ-ից պնդում են, որ այս իշխանությունների օրոք սեռական փոքրամասնությունները և աղանդավորները գլուխ են բարձրացրել, համաձա՞յն եք դրան»), Հրաչյա Հակոբյանն ասաց․ «Մենք շարունակում ենք խոսել ՀՀԿ-ի պնդումներից։ Իհարկե, համաձայն չեմ»։ Իսկ ի՞նչ կարևոր է, թե դա ում կամ քաղաքական որ ուժի պնդումն է․․․ Ա՛յն, որ նոր կառավարության օրոք աղանդավորները և, հատկապե՛ս, սեռական փոքրամասնությունները գլուխ են բարձրացրել, անժխտելի իրողություն է՝ հիմնավորված մի շարք փաստերով, հետևաբար բնավ էլ կարևոր չէ՝ «Ելք»-ի անդամը դրան համաձա՞յն է, թե ոչ։

Նշելով, որ ՀՀԿ-ի կողմից հայտարարություն է եղել, թե իսկական քրիստոնյան պետք է կողմ քվեարկի կաթողիկոսի անվտանգությունն ապահովելուն նպատակաուղղված օրենքի նախագծին, Հրաչյա Հակոբյանն ասաց, որ ինքը չի տեսնում որևէ տրամաբանություն քրիստոնյա մարդուն որևէ օրենքի ընդունման կամ չընդունման հետ կապելու մեջ։ Ակնհայտ է, որ սա բուն հարցին պատասխանելուց խուսափելու մանիպուլացիոն հնարք է, քանի որ խոսքը ոչ թե որևէ օրենքի ընդունման մասին է (օրինակ՝ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին), այլ հենց Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովելուն նպատակամիտված օրենքի։

«Չեմ կարծում, որ եթե ես չեմ քվեարկում կամ դեմ եմ քվեարկում կաթողիկոսի անվտանգությանը (օրինագծին․- Ա․ Հ․), ուրեմն ես դեմ են Հայ Առաքելական Եկեղեցուն, ես քրիստոնյա չեմ կամ ինչ-որ աղանդի եմ հարում,- ասաց Հրաչյա Հակոբյանը։- Դա ի՞նչ մոտեցում է, ես չեմ հասկանում»։

Այո, հիշյալ օրենքի նախագծին կողմ չքվեարկելը կամ դեմ քվեարկելը դեռ չի նշանակում, թե Հրաչյա Հակոբյանը և «Ելք» խմբակցությունից շատ ուրիշներ աղանդավորներ են։ Համենայն դեպս, նրանցից ոմանց աղանդավոր լինելու վերաբերյալ այս պահին դեռ որևէ փաստ չունենք։ Սակայն, միայն տրամաբանության խաթարում ունենալու, մեր Եկեղեցու վերաբերյալ տարրական գիտելիքներից զուրկ լինելու կամ հենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն դեմ լինել պարագայում կարելի է ասել, թե կաթողիկոսի անվտանգությունն ապահովելուն կողմ չքվեարկելը կամ դեմ քվեարկելը չի նշանակում Հայ Առաքելական Եկեղեցուն դեմ լինել։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գլուխն է, և եթե որևէ պատգամավոր կողմ չէ կամ դեմ է կաթողիկոսի անվտանգության ապահովմանը, ապա պարզ չէ՞, որ նա ոչ թե, ասենք, Ադրբեջանի հոգևոր կառույցին կամ Կովկասի մահմեդականների վարչությանն է դեմ, այլ հենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Պրն Հակոբյանի և «Ելք» խմբակցության այլ անդամների համար ավելորդ չենք համարում համապատասխան մեջբերումներ կատարել Հայկական Հանրագիտարանից և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքից․

«Եկեղեցու հոգևոր և նվիրապետական գերագույն իշխանությունը Ամենայն հայոց կաթողիկոսությունն է, գլուխը՝ կաթողիկոսը՝ եպիսկոպոսապետն ու բարձրագույն հոգևոր պետը (Ծայրագույն պատրիարք և կաթողիկոս ամենայն հայոց)»։

«Վեհափառ Հայրապետը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ազգի` Հայաստանի և աշխարհասփյուռ հայերի, հոգևոր առաջնորդն է: Նա աշխարհով մեկ սփռված շուրշ 9 մլն. հայ Առաքելական Ուղղափառ քրիստոնյաների Հովվապետն ու Հայրապետն է», «Կաթողիկոսը ներկայացնում է Հայ Եկեղեցու կենտրոնացված իշխանությունը: Նա բարձրագույն դատավորն է և օրենսդրական մարմնի ղեկավարը: Նա Ազգային եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի և Եպիսկոպոսական ժողովի նախագահն է», «Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացնում է Առաքելական իշխանության հաջորդականությունը Հայաստանում, որտեղ Հիսուս Քրիստոսի կողմից առաքյալներին շնորհված քրիստոնեական եկեղեցու իշխանությունը փոխանցվում է միմյանց հաջորդող եպիսկոպոսներին: Անհնար է Հայ եկեղեցին պատկերացնել առանց եպիսկոպոսապետի կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսի»:

Ըստ Հրաչյա Հակոբյանի, եթե կա որևէ խնդիր, կաթողիկոսը կարող է դիմել իր անվտանգությունն ապահովելու համար, սակայն պատասխանելով հարցին՝ «Դուք այդպիսի խնդիր չե՞ք տեսնում», ասաց․«Իհարկե, չեմ տեսնում»։

Դե ի՞նչ, ստիպված ենք կասկածել «Ելք» խմբակցության անդամի տեսողությանը, հիշողությանը կամ իրազեկվածությանը, և նրան տեղեկացնել կամ հիշեցնել (եթե, իհարկե, անտեղյակ է կամ մոռացել է, ինչին խիստ կասկածում ենք) ընդամենը մի քանի ամիս առաջ, ամռանը Գնդեվանք կատարած ուխտագնացության ժամանակ կաթողիկոսի վրա «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» խայտառակ շարժման մի շարք անդամների կատարած հարձակման մասին, երբ այդ շարժման մի ստահակ (նրան այլ կերպ չենք կարող անվանել) օգտվելով կաթողիկոսի ֆիզիկապես անպաշտպան լինելու հանգամանքից, նրա օձիքը բռնելով, 180 աստիճանով պտտացրել է, մեկ ուրիշն էլ հորդորել է, թե «բրթի, գցի ձորը»։

 

Արթուր Հովհաննիսյան