Անհայտ անձինք վնասել են Լրագրողի արձանը, տարել ձեռքը և ոտքերը

Անհայտ անձինք  այսօր կոտրել են մարաքաղաքի Նոր Նորք համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Լրագրողի արձանը, տարել՝  ձեռքը  և ոտքերը /պղինձ/։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ -ը ահազանգել  է ոստիկանություն։

Լրագրողի արձանը բացվել է 2014 թ․ «Կառլեն և Սառա Եսայաններ»  բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և խորհրդանշում է անվախ, անկաշառ ու Հայրենիքի նվիրյալի կերպարը։ Մարմնավորում՝ ազատ խոսքի կրողների իրական պատմությունը` սկսած 1988 թթ-ի հայտնի իրադարձություններից։ 

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Երևանում հաճախակի են դարձել վանդալիզմի դեպքերը: Օրեր առաջ Կոմիտասի անվան պանթեոնից գողացել էին բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին: Մարտի 13-ի լույս 14-ի գիշերն անհայտ անձինք գողացել էին Երևանի 2800-ամյակի այգու 7 բրոնզաձույլ արձաններից մեկը՝ նավակով երեխայի արձանը: Իսկ մարտի 7-ին  հայտնաբերվել էր, որ անհայտ անձանց կողմից «ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՃԵՄՈՒՂԻ» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները: