ՍԴ աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության հարցը ներառված է նիստի օրակարգում

«Սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույցը տեղադրված է ՍԴ կայքում, այս պահի դրությամբ հարցը ներառված է նիստի օրակարգում։ ՍԴ նիստի, օրակարգի, ժամերի և այլնի հետ կապված փոփոխությունները կարող են տեղի ունենալ բացառապես Սահմանադրական դատարանի աշխատանքային նիստում»,-  168.am-ի տեղեկացմամբ, ասել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի դիմումին, որով խնդրել էր հետաձգել հուլիսի 7-ին Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը։

Հարցին՝ ՍԴ-ի նիստերը կարո՞ղ են տեղի ունենալ հեռավար, այսինքն՝ պարտադիր չլինի, որ ՍԴ նախագահը և բոլոր անդամները գնան Սահմանադրական դատարան, Էդգար Ղազարյանը պատասխանեց, որ ՍԴ աշխատակազմում նման բան նախատեսված չէ

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ժամը ՍԴ կայքում դեռ տեղադրված է, իսկ դիմումի քննությունը նախատեսված է ժամը 11։00-ին։

Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հրաժարվել էին դիմումից։

Իսկ հունիսի 3-ին  Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020 թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։