Դուք պատմությա՞ն ինստիտուտ եք, թե իրական․ Բագրատ Սրբազանը՝ Աշոտ Մելքոնյանին
«Գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտն այն հաստատությունն է, որ միշտ քաղաքացիական նկարագիր ունեցող մարդկանցով է զինված եղել»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջանրոդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանի հետ հանդիպմանն ասաց Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
«Թշնամին չի փոխվել, նույնն է, պարզապես վախ են ներշնչել ժողորդին, որ Թումանյանի կկվի նման պետք է անընդհատ մեր ձագերին զիջենք և վերջում պարփակվենք Երևանի շուրջ, մնանք Բաթումի պայմանագրի շրջանակում` Երևանից մինչև Սևան: Ալիևի հրահանգներո՞վ պետք է մենք սահմանազատման հարց լուծենք,-ասաց Աշոտ Մելքոնյանը:
Անդրադառնալով Սրբազանի նախաձեռնած շարժմանը` նա նշեց, որ պետք է դուրս գալ ատելության վիճակից: «Քաղաքական որևէ նկրտում չունենք: Ողջունում ենք Ձեզ: Վերացրեք այդ ատելի մթնոլորտը, որ հասարակության մեջ կա: Ինչքան մենք թշնամանում ենք, այնքան մեր թշնամին է թելադրում, թե մենք ինչ անենք: Հիմա եթե ժողովուրդը դուրս է եկել փողոց, դժգոհում է, բողոքում է, ուրեմն խնդիր կա»,- հայտարարեց Աշոտ Մելքոնյանը:
Բագրատ Սրբազանը նշեց, որ ինքը ապագայից է նայում պատմությանը: «Ինձ տեսնում եմ 20-30 տարի հետո: Մտածում, թե ինչ են գրելու մեր մասին: Այս օրերը մեր անպատվության, գողացված ուրախության օրերն են: Սուտը մշակույթ է դարձել»,- հայտարարեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը:
Հանդիպմանը վերջում Բագրատ Սրբազանը հարցրեց. «Դուք պատմությա՞ն ինստիտուտ եք, թե իրական»: «Բարդ հարց տվեցիք: Մենք անաչառության ինստիտուտ ենք: Առանց մեր պատմական հայրենիքի` 400 հազար քառակուսի կիլոմետրի, որևէ պատմաբան չի պատկերացնում իր մասնագիտական գործունեությունը»,- պատասխանեց Աշոտ Մելքոնյանը: