Ստեփանակերտում գումարվել է Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

Դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 14-րդ նիստը` Արարատ Միրզոյանի և Աշոտ Ղուլյանի համանախագահությամբ: Այս մասին տեղեկացրել է ԱԺ մամուլի ծառայությունը։

Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հայկական երկու պետությունների խորհրդարանների խոսնակները:

Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ խոսույթի ձևավորմանը և Հայաստանի Հանրապետությունում  սպասվող բարեփոխումներին` բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում:

Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա անելիքների մասին:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցի շրջանակում սպասվում են նաև այցեր Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր: