Ֆրանսիան պատրաստ է աջակցել ԵՄ քաղաքացիական առաքելությանը Հայաստանում
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ստեղծելու որոշման կարևորությանը: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
«Այս որոշումը շատ կարևոր է և Ֆրանսիան ուրախ կլինի աջակցել եվրոպական այս առաքելությանը»,– գրել է նա։
#Arménie #Azerbaijan | Cette décision est très importante et la France sera heureuse de participer à cette mission européenne. https://t.co/Vgyzosujrn
— Catherine Colonna (@MinColonna) January 23, 2023
Հիշեցնենք, որ այսօր Եվրամիության խորհուրդը որոշել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն հիմնել` անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում:
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտնել էր, որ Եվրամիությունը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկել նոր առաքելություն, որը կունենա մինչև 100 դիտորդ։
Հիշեցնենք նաև, որ ԵՄ առաջին դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանել 2022-ի հոկտեմբերի 19-ին և մնացել մինչև դեկտեմբերի 19-ը։ Այժմ Հայաստանում է գտնվում ԵՄ տեխնիկական գնահատման խումբը։ Նրանք Հայաստան են գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: