ՀԱՊԿ առաքելությունն այսօր երեկոյան Երևան կժամանի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը Երևան կժամանի այսօր երեկոյան, հինգշաբթի ճեպազրույցում ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, փոխանցում է ՏԱՍՍ

«Այսօրվա միջոցառման ավարտին ես կմեկնեմ օդանավակայան և մի խումբ պաշտոնյաների հետ կմեկնեմ Հայաստանի Հանրապետություն։ Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչները, և այսօր երեկոյան մենք կլինենք Երևանում»,- ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ օրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է։

Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։