Էրդողանը դատապարտել է Ասադի ռազմագործողությունները, Պուտինը՝ պաշտպանել

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Մոսկվայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։

Նախքան Էրդողանի մոսկովյան այցը, նշվել էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման օրակարգային թեման լինելու է հենց Իդլիբի հարցը։

Թուրքիան մեծապես անհանգստացած է Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի հաջողություններից, մանավանդ որ մի քանի օր առաջ Ասադի ուժերը հրթիռակոծել էին Մաարեթ Էլ Նուման-Հան Շեյհուն ավտոճանապարհը, ինչի հետևանքով Թուրքիայի զինուժը չկարողացավ լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր:

«Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ, ասուլիսի ժամանակ Էրդողանը և Պուտինը տարբեր տեսակետներ են հայտնել Սիրիայի նախագահ Ասադի գործողությունների վերաբերյալ:

Էրդողանը պնդել է, որ Սիրիայի կառավարական ուժերի հարձակումները վնաս են հասցրել Իդլիբի հարցում Սոչիում ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնությունը կյանքի կոչելու Թուրքիայի ջանքերին։ Բողոքելով Ասադի օդային և ցամաքային հարձակումներից, նա նշել է, որ դրանց հետևանքով տուժում է նաև խաղաղ բնակչությունը՝ մեկ անգամ ևս կրկնելով, որ Սիրիայի կառավարական ուժերի քայլերը ճգնաժամային իրավիճակ են ստեղծել Սիրիայում։  Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ հարձակումները վտանգ են ներկայացնում Սիրիայում գտնվող թուրք զինվորների համար։

«Իդլիբում խաղաղություն ապահովելու համար  մեկ անգամ ևս ընդգծեցի, որ մենք պատրաստ ենք աշխատել Աստանայի գործընթացի ոգուն համապատասխան։  Սոչիի համաձայնությամբ մենք կարող ենք մեզ վրա դրված պարտականությունները կատարել, սակայն այն բանից հետո, երբ վերջ տրվի Սիրիայի կառավարական ուժերի հարձակումներին»,- շեշտել է Էրդողանը։

Իր հերթին Պուտինն նշել է, որ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Իդլիբում ահաբեկիչներին չեզոքացնելու և  անհրաժեշտ քայլեր իրականացնելու համար։

«Իդլիբի իրավիճակը խորապես մտահոգիչ է։ Ահաբեկիչները շարունակում են հարձակումներ գործել Սիրիայի կառավարական ուժերի վրա, ինչպես նաև փորձում են հարձակվել ռուսական ռազմական հենակետերի վրա։ Ապառազմականացված գոտին ահաբեկիչների համար չպետք է դառնա թաքստոց, ինչպես նաև հարթակ նոր հարձակումների համար»,- նկատել է Պուտինը՝ նշելով,  Թուրքիայի նախագահի հետ հստակեցվել են լրացուցիչ միջոցառումների պլանը, Իդլիբում և առհասարակ Սիրիայում ահաբեկչական օջախների վնասազերծման համար։

Ռուսաստանի նախագահը կարևորել է Սիրիայի ինքնիշխանության, անկախության  և տարածքային ամբողջականության պահպանումը։