Ընդդիմադիր պատգամավորները մտան ԵՊՀ

«Դիմադրության» շարժման մասնակիցները երթով հասան Ռադիոտուն։ Երեւանի պետական համալսարանի շենքի մոտ, որտեղ կուտակված են ոստիկանական ուժեր։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք չեն ծրագրել մուտք գործել Ռադիոտուն, ինչը ժամանակին արել էր Նիկոլ Փաշինյանը։

«Չգիտեմ՝ ոստիկանական զորքերն ինչքան են հերիքելու, ինչքան պետական հաստատություն կա այսպես շրջափակեն, բայց հանգիստ եղեք, մենք շենք մտնելու նպատակ չունենք։
Այս պահին մոտ 5000 ոստիկանական ուժեր ԱԺ-ում, ԱԳՆ, կառավարության շենքերի մոտ, պետական կառույցների մոտ են կուտակված։ Տղերք, այս ի՞նչ եք անում, լո՞ւրջ։ Այստեղ կարելի է լիաթոք ծիծաղել, որ կարողանում են ամբողջ ուժայինները 24 ժամ պահել փողոցում։ Սա է այսօր իրականությունը»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը ոչ թե վախեցած է, այլ հաստատ ցնցումների մեջ է, որովհետև խաղաղ անհնազանդության ցերեկային երթին մենակ դիմավորում են զորքեր։
«Տղերք, մեկա դրա իշխանությունը պահել չեք կարող»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Ռադիոտան պատուհանից երթի մասնակիցներին Հայաստանի ու Արցախի դրոշներով ողջունեց լրագրող Ալիս Գևորգյանը, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում։
Այնուհետև երթի մասնակիցները հասան Երևանի պետական համալսարան, որտեղ ևս նրանց դիմավորեցին ոստիկանական ուժերը։

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Իրականում մեզ համար այս դուռը բացել, մտնելը մի րոպեի հարց է, բայց այս պետական համալսարան է, ուզում ենք նորմալ ճանապարհով դռները բացեն, պատգամավորները մտնեն, այդ հարցադրումը անեն։ Նիկոլավարի բաներ չենք ուզում անել, թե չէ մի րոպե հետո այս դուռը կարանք բացենք: Դրա համար սպասում ենք»:

«ԵՊՀ ռեկտորը փոխանակ իջնի ներքևի ու խոսի՝ թաքնվում է։ Որպես մտավորական՝ պետք է պատասխան տա, ո՞րն է իր քաղաքացիական դիրքորոշումը արցախյան հարցում։ Չէ՞ որ գրաճանաչ է, տեսել է բրյուսելյան հայտարարությունը։ Ինքչան էլ իր ղեկավարը փորձի ասել՝ սխալ ձևակերպում է եղել, չէ՞ որ ինքը կարդալ գիտի։ Պարտավոր է հանդիպել և պատասխան տալ՝ ո՞րն է իր դիրքորոշումը, ոչ թե վախենալով թաքնվել։ Սպասում ենք հանդիպման»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Այնուհետև ոստիկանները թույլ տվեցին, որ ընդդիմադիր պատգամավորները մտնեն ԵՊՀ։