ԲԴԽ նկատողություն հայտարարեց դատավոր Վարդան Գրիգորյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին նկատողություն է հայտարարվել։ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը՝ նախագահությամբ Գագիկ Ջհանգիրյանի, բավարարել է  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։

ԲԴԽ դատավոր անդամներ Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը դեմ են եղել կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությանը, տույժի տեսակին դեմ են եղել դատավոր անդամներ Անի Մխիթարյանը և Ստեփան Միքայելյանը։

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի կողմից 2021թ մայիսի 4-ին միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։

Կարգապահական վարույթ հարուցելու հիմքը նախաքննության փուլում գտնվող քրեական գործերից մեկով կայացված դատական ակտն է, որով դատավորը մերժել էր անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Արդարադատության նախարարությունը գտնում է, թե, իբր, այդպիսով դատարանը գնահատական է տվել մեղադրանքին։