Ուզում ես տանդ քնես, ուրիշը գա քո տան պարիսպը պաշտպանի, չի լինում այդպես․ Սեյրան Օհանյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հարցազրույց՝ պաշտպանության նախկին նախարար, այժմ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանի հետ։
–Ինչպե՞ս եք ընկալել Փաշինյանի «փոխշահավետ» առաջարկը՝ հայ–ադրբեջանական սահմանից երկուստեք հետ քաշել զինված ուժերը, տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող Երկրների դիտորդներ, որից հետո կընթանա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Կարո՞ղ է, արդյոք, դա իրավիճակը լիցքաթափել սահմանին, ինչի մասին խոսում է Փաշինյանը:
-Երկու ուղղությամբ կարող եմ մեկնաբանել: Առաջինը․ յուրաքանչյուր երկիր պետք է իր սահմաններն ինքը կարողանա պահպանել, պաշտպանել: Դրա համար գոյություն ունի Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբ և Ազգային անվտանգության ծառայություն՝ իր սահմանապահ զորքերով, և ամբողջ անվտանգային համակարգը, որոնք երաշխավորն են մեր պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության:
Եթե երկիրն ի վիճակի չէ ինքնուրույն սահմանները պահել, արդեն ինքնիշխանության կորստի խնդիր է, և այդ ամենը, ես կարծում եմ, մեր անիշխանության պատճառն է: Գաղտնիք չէ, որ պարտված իշխանություններն անընդհատ գտնվում են ճնշման տակ՝ և՛ քաղաքական, և՛ միջազգային, և՛ ռազմական, և նաև՝ աշխարհագրական: Ադրբեջանը քայլ առ քայլ առաջ է գալիս, որ հետագայում, երբ որ պայմաններ լինեն դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինքն իր դրած ոտքը երբևիցե հետ չի տանելու, հնարավորինս շատ տարածքներ է փորձելու վերցնել: Դա շարունակությունն է նրա, որ Ադրբեջանը տեսավ, որ հայաստանյան այսօրվա իշխանություններն ադեկվատ չեն, և քանի որ այս ոչ ադեկվատ, անգրագետ և թույլ իշխանություններն են, ես պատերազմը սկսեմ և հաղթեմ: Օգտվելով նրանից, որ այսօր նույն իշխանությունն է, դրան գումարած նախընտրական ժամանակահատվածում կասկած ունեն, որ ընտրություններում Նիկոլը չի դառնալու իշխանություն, շարունակում են ճնշումները՝ ՀՀ-ի շուրջ այդ օղակն ավելի սեղմելու համար: Այս իրականության մեջ իր առաջարկը, իմ կարծիքով, անիրագործելի է:
–Ինչո՞ւ է անիրագործելի, եթե քննարկումներ կան, որ, ի հակակշիռ Ռուսաստանի, հնարավոր է այլ ուժեր բերի տեղակայի:
-Ես չեմ համարում իրատեսական, որ որևէ երկրի դիտորդ կգա և դիտորդություն կանի, համենայնդեպս, դա մոտ ժամանակներս անիրագործելի է: Հայելաձև հետ քաշվելն էլ չեմ պատկերացնում: Կարող է մենք հետ քաշվենք, ադրբեջանցիները նորից առաջ գան, այդպես չի լինում: Եվ, ի վերջո, հանուն ինչի մենք պետք է հետ քաշվենք մեր դիրքերից, և հանուն ինչի ադրբեջանցիները պետք է իրենց սահմանից հետ քաշվեն, իսկապես անհասկանալի է: Ինքը միշտ է ասում, որ պետք է գանք այնպիսի պայմանի, որը շահավետ լինի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, ոչ վաղ անցյալում՝ նաև Արցախի համար, իսկ հիմա միայն առաջին երկուսի, որ հետագայում սահմանները ճշգրտենք, բայց պետք է հասկանա, որ հակառակ կողմը՝ Ադրբեջանը, այդպես չի մտածում, իրենք մտածում են միայն ու միայն, բացառապես իրենց շահերի մասին, թքած ունեն մեր վրա և որտեղ կանգնեն, այնտեղ էլ մնալու են, և հետագայում դեմարկացիայի, դելիմիտացիայի ժամանակ մենք խնդիրներ ենք ունենալու իրենց հետ շպրտելու: Ես չգիտեմ՝ ինքն ինչի վրա է հենվում նման հայտարարություն անելիս:
–Իսկ գուցե դրսից մարդկանց է բերում՝ թեկուզ մեր ինքնիշխանությունը սահմանափակելու գնով, որ կարողանա սաստել Ադրբեջանի նկրտումները:
-Ամեն մի երկիր ինքն է պահում իր սահմանը, ամեն տանտեր տան պարիսպներն ինքն է դնում և պաշտպանում: Եթե դու ուզում ես տանդ քնես, բայց ուրիշը գա քո տան պարիսպը պաշտպանի, այդպես չի լինում: Այս իշխանությունը, իսկապես, վեց ամիս քնած է եղել և չի կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը: Դեռ ավելին ասեմ՝ լավ, ինչ-որ տեղ սխալ են գործել Սև լճի տարածքում, բայց այդ սխալ գործած տեղը մինչ կանգնեցնեին, բանակցություններ վարեին միջազգային առումով, մնացած տեղերն արագ փակել է պետք, ինչը չեն անում: Ամեն օր մենք մի նոր միջադեպի մասին ենք լսում՝ առաջ գալ, մեր զինվորին սպանել, վեց հոգի գերեվարել, սա ինչ բան է: Այս իրավիճակում ես խորհուրդ կտայի փակել մնացած տեղերը, ապա միջազգային և ռազմական միջոցներ ձեռնարկել՝ մեր երկրի սահմանները պաշտպանելու համար»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։