ԴԻՄՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Հարգելի ուսուցիչներ, մանկավարժներ, դասախոսներ, դաստիարակներ, խոսքս դառն է լինելու, կանխավ խնդրում եմ ձեր ազնվ միջուկի ներողամտությունը:

Գլոբալիստները մեր երկիրը դարձրել են մի վթարային օդանավ, որից մնացել է վերջին աշխատող շարժիչը: Հենց այս օրհասական վիճակն է ինձ դրդում անկեղծորեն ճշմարտախոս լինել:

2018-ին դուք ձեր աշակերտների գլուխն անցած լցվեցիք փողոցներ՝ մերժելու ազատ ու բարեկեցիկ Արցախի, օրեցօր զարգացող Հայաստանի, տարածաշրջանի ամենամարտունակ հայոց բանակի գոյությունը: Խանդավառությամբ մերժեցիք այդ բարիքները, որովհետև լցված էիք եղած թերությունների չափազանցված պատկերացումներով:

Այժմ ձեր հազարավոր աշակերտները հավերժական քուն են մտել երկրի օրեցօր ընդարձակվող գերեզմանոցներում: Գիտե՞ք ինչու, որովհետև երբ ձեր պաշտած հեղափոխությունից անմիջապես հետո 10 000 գործընկերներին աշխատանքից ազատեցին ու փողոց նետեցին՝ դուք լռեցիք, փողոցն այլևս ձեզ չէր գրավում: Երբ փակեցին կրթության ազգային ինստիտուտը՝ դուք ձևացրիք, թե բան չի պատահել: Մի խումբ գործակալներ ձեզ պարտադրեցին մանկապղծության լանզարոտեի համաձայնագիրը, ու դուք խոնարհաբար լծվեցիք դրա կիրառմանը: Դասագրքերից հանեցին ազգային արժեքները, փոխարենը խցկեցին բնազդներ գրգռող ցածրակարգ խզբզանքներ, որոնց դեմ դուք չըմբոստացաք, փողոց դուրս չեկաք:

Այնուհետեև ինչ կատարվեց պետության հետ՝ դուք լուռ ու մունջ հանդուրժեցիք, անգամ 44-օրյա դժոխքը՝ մինչև այս վայրկյանը ձգվող հայակործան հետևանքներով:

Հայ ուսուցիչը լուռ է:

Այո, իրականությունից չեք փախչի՝ այն աշակերտները, որոնց գլուխն անցած հեղեղել էիք փողոցներն ու վանկարկում էիք մի նողկալի անուն՝ այժմ պառկած են գերեզմանոցներում, ձեր հեղափոխական սաներից 12 000-ի ապագան խզվել է, քանի որ ձեր սիրեցյալի գործընկեր ազեռները նրանց գազանաբար զրկել են աչքերից, ոտքերից, ձեռքերից…

Ամոթ և անեծք ձեզ:

Ես գրեցի խոսքեր, որոնք ձեզ կասեին ու ասում են հայրենիքի ճակատագրով մտահոգ հայաստանցիները: Իմ ասելիքն այդքան դաժան չէ, անեծքն իմ ոճը չէ, ահա թե ինչ կասեմ՝ դուք որպես պետական համակարգի ամենահնազանդ ու խոցելի հատված՝ ընտրություններում միշտ ձեր ձայնը տվել եք իշխողներին: 2018-ին գործակալական ՔՊ-ին ձայն տված 880 000-ում ձեր մասնակցությունն զգալի տոկոս էր:

Առանց վիրավորված ձևանալու ընդունեք, որ երկրաքանդ, դավաճան իշխանամոլի հավաքներին ևս դուք եք ներկա լինում ու որ աններելի է՝ տանում եք ձեր մատղաշ սաներին: Այդ անմեղ երեխաներից շատերը երևի ձեր կուռքի պատճառով զրկվել են հորից, եղբորից, ոմանց հարազատները մինչև օրս հեծում են ազեռական դժոխքում: Բայց դուք, միևնույն է, չեք ըմբոստանում, փողոց դուրս չեք գալիս, արդարություն չեք փնտրում:

Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվել՝ երեք տարի առաջ դուք տենչում էիք ճոխ ապրել, ավելին ունեցողից խլել ու սեփականել, հիմա պիտի երազեք, որ ընդամենն ապրեք…

Առաջիկայում բախտորոշ ընտրություններն են: Ձեզ նորից հարկադրելու են քվե տալ իշխող ուժին, որն ի դեպ բռնազավթել է այդ իշխանությունն ու աթոռներն զբաղեցնում է միանգամայն անօրեն կերպով:

Բայց անգամ այս խայտառակ պայմաններում ձեզնից ձայներ են կորզելու:

Հայ ուսուցիչներ, չկրկնեք 2018-ի ահավոր սխալը: Առանց այն էլ ձեր խղճին ծանրացել է հազարավոր զոհերի և մեր բնօրրանի սուրբ վայրերի կորստի մեղսակցությունը: Դուք դա չեք զգում, չեք գիտակցում, սակայն իրականությունն այն է, որ ոճիրներ կատարելու համար նախօրոք հանցակիցներ են կարգում: Դուք աղանդավորների, այլասերվածների, գործակալների իշխանազավթիչ բանակը համալրեցիք ակամա՛, կազմակերպիչների նպատակները չգիտեի՛ք ու հետևանքները չէի՛ք պատկերացնում, կեղծ կոչերով ոգեշնչված էիք, բայց խոստովանեք, որ այդ անտեղյակությունն ու պարզամտությունը վայել չէին մաշտոցյան պատգամով դպրոց մտած մտավորականներին:

Երկրորդ անգամ չսխալվեք: Դա կլինի ուղղակի մեղսակցություն ու կորակվի պետական դավաճանություն, դրա պատժին չեք դիմանա:

Հայ ուսուցիչներ, այսօր, թե վաղը՝ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու: Երբեք ու երբեք ձեր վճռական ձայնը չտաք ԼՏՊ-ական-նիկոլական ու գլոբալիստական հակահայերին:

Հայտնի բան է՝ ձեզ կարողացել են Քոչարյանի, Դաշնակցության, ՀՀԿ-ի ոխերիմ թշնամին դարձնել, այդ սև գործում էապես հաջողել են, բայց եթե չեք կարող ազատվել այդ թունավոր չիպից՝ գնացեք ընտրեք Ծառուկյանին, Բագրատյանին, միայն թե փակեք այս սև ժանտախտի ճանապարհը, որի արյունոտ ճանկերն ուղղդված են դեպի ձեր իսկ գլուխները, հզոր Հայաստանից մնացած այս մի ափ Հանրապետությունը:

Քավեք ձեր մեղքը, մաքրեք ձեր խիղճը:

Անշուշտ, դիմումս հասցեագրված չէ հայաստանցի այն ուսուցիչներին, ովքեր թաթախված չեն դավադիր գործարքներում և իրենց կրթած հայրենասեր սաների հետ աներեր կանգնած են հանուն հայրենիքի պայքարի առաջնագծում:

Ինչ էլ եղած լինի՝ հիմա անջրպետները ջնջել է պետք, մոտ անցյալը մոռանալ ու գալիքի մասին մտածել է պետք:

Այս է խնդրանքիս նշանակետը:

Քաղաքականությունն այդ ի՞նչ դարձավ, որ անգոյություն ճամփի արարչական հայ ազգին ու նրա բնօրրանը:

Թույլ չտաք, ուսուցիչներ, բարձր պարզեք հայոց մեծերից ժառանգած գիտելիքի դրոշը, այն ձեզ է հանձնված մեծագույն վստահությամբ:

Աչքով տեսածը մտքով չի ջնջվում, ուսուցիչներ, մեր, ձեր աչքի առաջ հոշոտվող Հայաստանն է, եղեք փրկությունը կերտող ուժերից մեկը:

Հրաչուհի Փալանդուզյան