Հայաստանն ու Ադրբեջանն այնքան էլ չեն լսում ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկները. Նարիշկին
Հայաստանն ու Ադրբեջանը նախընտրում են խաղաղ կարգավորման բոլոր հարցերն ինքնուրույն լուծել. ասել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ ռուսական «Ռազվեդչիկ» ամսագրին տված հարցազրույցում: «ԱՄՆ-ն կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում, իսկ հետխորհրդային տարածքում Վաշինգտոնը սկսել է տապալվել։ Հայաստանն ու Ադրբեջանն այնքան էլ չեն լսում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկությունները՝ նախընտրելով բոլոր հարցերը ինքնուրույն լուծել», – նշել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը:
Նարիշկինի խոսքով, Վրաստանում «արևմտամետները չկարողացան կանխել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը ընտրություններում»։
«Գիտակցելով դեպի Արևմուտք կողմնորոշման վնասակարությունը՝ վրացական իշխանությունները որոշեցին գործել՝ իրենց շահերից ելնելով և հիմա գիտակցաբար հեռանում են դրսից պարտադրված ծայրահեղ ազատական տրանսհումանիստական օրակարգից, որը անսահման խորթ է վրացական ավանդական արժեքներին», – ասել է նա։
ԱՀԾ-ի ղեկավարն ասել է, որ «հետխորհրդային տարածքը առաջնահերթ ուղղություն է մնում ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների հարձակումների համար»:
«Արևմուտքը հավակնոտ նպատակ է դրել խզել մեր երկրների միջև ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլև խորը պատմական և հումանիտար կապերը։ Այս մոտեցումը բխում է անգլո-սաքսոնական հայտնի մաքսիմից՝ «Ով կառավարում է Եվրասիան, կառավարում է աշխարհը»։ Թեև նրանց համար «կառավարել» նշանակում է «բաժանել», «քաոս սերմանել», ապա ներկայանալ իբրև «անվտանգության անաչառ երաշխավորներ»։ Թե ինչպես է դա տեղի ունենում, հստակ երևում է ուկրաինական օրինակով»,- ասել է Սերգեյ Նարիշկինը։