Լավրովը մասնակցելու է հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը

Ռուսական կողմը հաստատում է արտգործնախարար Սերգեյ Լավրովի պլանավորված մասնակցությունը Ստամբուլում հոկտեմբերի 18-ին կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հաստատում ենք Սերգեյ Լավրովի մասնակցությունը»,- նշել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

«3+3»-ը տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է, այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ հինգ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը։

Արտաքին գործերի նախարարների մակարդակով վերջին հանդիպումը Թեհրանում կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։