Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հետ

Փարիզի «Մատինյոն» պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հանդիպումը:

Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և ընդգծել իր հանձնառությունը` նպաստելու երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացման գործում: Միշել Բարնիեն նշել է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ և պատրաստ է հետագայում ևս նպաստել երկկողմ կապերի շարունակական ամրապնդմանը: Նա ջերմությամբ է հիշել 1995 թվականին իր մասնակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բացումը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Բարնիեին Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով ու մաղթել հաջողություններ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը երկու ժողովուրդների միջև բարեկամությանը խորին նվիրվածության ու Հայաստանի և Ֆրանսիայի միջև բացառիկ հարաբերությունների ամրապնդման գործում նրա անձնական նշանակալի ավանդի համար։