Հունաստանում 43 աստիճան շոգի պատճառով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները

Հունաստանի տարածքի մեծ մասում սաստիկ շոգ եղանակ է հաստատվել․ ստվերում ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունական News247 լրատվական հարթակը նշում է, որ իշխանությունները կանխարգելիչ նպատակով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները, կազմակերպությունների և ձեռնարկությունների աշխատակիցներին խորհուրդ է տրվել հնարավորինս աշխատել հեռավար ռեժիմով:

Այս ամռան շոգի առաջին ալիքի կապակցությամբ երկրի Առողջապահության նախարարության ղեկավարությունը բուժհաստատություններին և շտապ օգնության ծառայություններին կոչ է արել լինել բարձր պատրաստության վիճակում՝ ծայրահեղ բարձր ջերմաստիճաններից առաջացող ցանկացած խնդիր արագ և արդյունավետ լուծելու համար։

Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունն իր հերթին կոչ է արել բնակիչներին, հատկապես՝ խոցելի խմբերին, լինել զգույշ՝ խուսափելու առողջական խնդիրներից, այդ թվում՝ բարձր ջերմաստիճանի հետևանքով ջերմային հարվածներից։ Քարտուղարությունը հրապարակել է նաև հրդեհների ռիսկի քարտեզ, որի համաձայն հունիսի 11-ին անտառային հրդեհների շատ բարձր ռիսկ է կանխատեսվում Կենտրոնական Հունաստանի տարածաշրջանի, Ատտիկայի մայրաքաղաքային մարզի և Պելոպոնես թերակղզու համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։