Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան բարձր մակարդակի առաջին հանդիպումն են անցկացրել վերջին գրեթե 5 տարվա ընթացքում

Սեուլում հանդիպում է կայացել Չինաստանի վարչապետ Լի Ցյանի, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի միջև։ Սա 2019 թվականից ի վեր երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումն է, որն ուղղված է ազատ առևտրի շուրջ համաձայնության և անվտանգության շուրջ բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գագաթնաժողովի բացմանը Լի Ցյանը հայտարարել է, որ բանակցությունները «և՛ վերագործարկում են, և՛ նոր սկիզբ», և կոչ է արել համապարփակ կերպով վերսկսել Արևելյան Ասիայի տնտեսական հսկաների միջև համագործակցությունը՝ անջատելով քաղաքականությունը տնտեսական և առևտրային հարցերից։

Եռակողմ գագաթնաժողովից հետո կողմերը համատեղ հայտարարություն են արել, որում կողմ են հանդես գալիս Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը և Հյուսիս-Արևելյան Ասիայում կայունության վերականգնմանը։

Գագաթնաժողովի ժամանակ կողմերը նաև պայմանավորվել են արագացնել բանակցությունները ազատ առևտրի մասին համաձայնության շուրջ՝ «ձգտելով ազատ, արդար, համապարփակ, բարձրորակ և փոխշահավետ համաձայնության իրականացման»։

Եռակողմ բանակցությունների հիմնական թեմաներից են եղել առևտուրը և տնտեսությունը, մարդասիրական փոխանակումները, կայուն զարգացումը և արձագանքը կլիմայի փոփոխությանը, առողջապահությունը և բնակչության ծերացման խնդիրը, գիտությունն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև աղետների հետևանքների դեմ պայքարում համագործակցությունը։