Քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկը, աղետի հետևանքով ունենք 4 զոհ․ ՏԿԵ նախարար

Քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկը, աղետի հետևանքով ունենք 4 զոհ։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով փլուզվել են ճանապարհներ, կամուրջներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ։ Հեղեղումների հետևանքով՝ փակ են Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման (Դիլիջանից մինչև Իջևան) և Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Վանաձորից Ալավերդի մինչև Բագրատաշենի անցակետ) ճանապարհատվածները։

Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, այսօր արդեն վերականգնվել է: ՇՄՆ-ից հաղորդում են, որ այսօր ժամը 08։00-ի դրությամբ երեկ 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում 50 սմ-ով, Տաշիր գետում 57 սմ-ով։

Փրկարարական աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրակարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված են 324 փրկարարական ծառայող։

Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ, մասնավորապես՝ 347 մարդ՝ Լոռու մարզում և 42 մարդ՝ Տավուշի մարզում:

Աղետի գոտում կա 3 զոհ։ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ (1948 թ․) Ավագ Ավագյանի դին։ Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985 թ․) դին:

Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։

Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։

Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 7 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

Լոռու մարզի մի շարք բնակավայրերի մոտեցման ուղիները, մասնավորապես՝ կամուրջները վնասվել կամ հայտնվել են ջրի տակ. դեպի բոլոր այդ բնակավայրեր կան այլընտրաքային, և հնարավորություն կա առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու։ Այդ աշխատանքներին ներգրավված են նաև փրկարարները, ովքեր անհրաժեշտ իրերն ու պարագաները փոխանցում են գետանցման միջոցով։

Գետանցման միջոցով նաև բնակչության տարհանում է իրականացվել Սանահին կայարանում։