Թրամփը հայտարարել է, թե Բայդենը ցանկանում էր՝ ՀԴԲ գործակալները խուզարկության ժամանակ կրակեն իր վրա

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ենթադրել է, թե 2022 թվականին Ֆլորիդայի իր առանձնատան համար ՀԴԲ-ի խուզարկության հրամանի ձևակերպումը վկայում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում էր՝ զինված գործակալները գնդակահարեն իրեն։

Ըստ Associated Press-ի՝ Թրամփի վերջին հայտարարությունը հնչել է ի պատասխան դատարանի այն հայցադիմումի, որում շարադրված էին Մար-ա-Լագո ակումբում խուզարկություն անելու ՀԴԲ-ի ծրագրերը: Նշվում է, որ Սպիտակ տնից հեռանալուց հետո Թրամփն ակումբում պահել է ազգային անվտանգության գաղտնի փաստաթղթերը:

Հայտարարությունը ներառում էր ՀԴԲ-ի ստանդարտ ձևակերպումը՝ ըստ որի ինչ-որ մեկին անմիջական վտանգ սպառնալու դեպքում գործակալներին թույլատրված է մահացու ուժ կիրառել:

Թրամփը հայտարարել է, թե դատելով այդ ձևակերպումից՝ Արդարադատության նախարարությունը պատրաստ էր կրակել իր վրա և վնասել իր ընտանիքին: