Իրանի նախագահին Ռուսաստանում միշտ ճանաչել են որպես իսկական ընկեր․ Սերգեյ Լավրովը ցավակցել է

Իրանի նախագահին ու ԱԳՆ ղեկավարին Ռուսաստանում միշտ ճանաչել են որպես իսկական ընկերներ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանն անկեղծորեն ցավակցում է Իրանում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին և ողջ Իրանի բարեկամ ժողովրդին»,-նշել է Լավրովը։

Լավրովն անգնահատելի է համարել Իրանի նախագահի և երկրի ԱԳՆ ղեկավարի դերը ռուս-իրանական համագործակցության և գործընկերության ամրապնդման գործում։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։

Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ։

Նախագահ Ռաիսին վաղ առավոտյան Ատրպատականում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ Արաքս գետի ամբարտակի բացման արարողությանը։