Բագրատ Սրբազանի առաջնորդած «Հանուն հայրենիքի» երթը Երևանում է․ ՈՒՂԻՂ

Մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել էր Աբովյան քաղաք, քիչ առաջ արդեն հասավ Երևան, նրանք Թբիլիսյան խճուղով շարժվում են Հանրապետության Հրապարակ։ Այսօր ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներն ու նրանց միացած քաղաքացիները հավաք կանեն։

Հատկանշական է, որ այսօրվա քայլերթն առաջնորդում են զոհված զինծառայողների հարազատները, նրանք հագել են սպիտակ շապիկներ, որոնց վրա պատկերված են զոհված զինծառայողների լուսանկարները։

Շարժման անդամները կրում են պաստառներ՝ «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված» գրություններով, շատերն իրենց ձեռքին ունեն Արցախի ու Հայաստանի դրոշները։

Երթի մեկնարկին Բագրատ Սրբազանն ասել էր. «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»։