Մետրոյի ժետոնի փոխարեն կգործեն QR կոդերով և վճարման այլ միջոցներով համակարգեր
Երևանի մետրոպոլիտենի տոմսերը ժետոններով չեն լինի, կգործի QR կոդերով և այլ համակարգերով վճարելու տարբերակը: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Այս պահին փոխարինվում են մետրոյի չաշխատող անցարգելները: Հին անցարգելները, որոնք աշխատում են, դեռևս չեն փոխարինվում, որովհետև նորերը ժետոնային համակարգով չեն աշխատում:
«Մենք ոչ մի կրիտիկական խնդիր չունենք, բայց որոշակի կարգաբերումների հարց ունենք: Այդ կարգաբերումները իրականացնելուց հետո և համոզվելուց հետո, որ ամբողջությամբ նոր անցարգելները պատրաստ են սպասարկելու ուղևորահոսքը, նաև կփոխարինվեն մյուս անցարգելները, որից հետո տոմսն այլևս ժետոնով չի լինի, այլ կլինի QR կոդերով և պայմանագրով նախատեսված ժամկետներով՝ նաև վճարման այլ միջոցներով՝ բանկային քարտերով և այլն»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:
Նշենք, որ նախատեսվում է փոխարինել ընդհանուր առմամբ 49 անցարգել: Աշխատանքները կավարտվեն մեկ ամսվա ընթացքում։