Երևանում ակցիաները շարունակվում են՝ հաջակցություն տավուշցիների (լուսանկարներ)

Երևանում ակցիաները շարունակվում են՝ հաջակցություն տավուշցիների։

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հեգնական գրառումներով պաստառների լուսանկարներ, որոնք փակցված են քաղաքի տարբեր հատվածներում։

«Սաղ տանք, խախանդ ապրենք», «Լռեք, թող հանձնի», «Դուխով հանձնի, հետդ ենք», Մի խանգարեք, թող հանձնի», «Թողեք, թող հանձնի», «Հանձնենք, հանգիստ ապրենք»,- գրված են պաստառներին։

«Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է

Պայքար. Օր 11. ՀՀ

Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»,- Նշված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից  փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը։ Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Հաջակցություն տավուշցիների, բողոքի ակցիաներ են ծավալվում Հայաստանի ամբողջ տարածքում։