Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Արագածոտնի թեմի Ուշի համայնքի Սուրբ Սարգիս վանական համալիր
Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Արագածոտնի թեմի Ուշի համայնքի Սուրբ Սարգիս վանական համալիր: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Վանական համալիրի ամբողջական վերականգնման աշխատանքներն իրականացվում են Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների հովանավորությամբ և աջակցությամբ։ Նախագծի հեղինակներն են վերականգնող ճարտարապետներ Սամվել Այվազյանը և Ամիրան Բադիշյանը։ Առաջին փուլում կվերականգնվի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Նորին Սրբությունն իր այցի ընթացքում ծանոթացավ իրականացվող աշխատանքներին:
Հայոց Հայրապետը նաև իր օրհնությունը բաշխեց նախագծի բարերարներին, ճարտարապետներին և շինարարներին՝ մաղթելով, որ աշխատանքները բարեհաջող ավարտին հասնեն, և նվիրական այս ուխտավայրն իր հրաշագործ զորությամբ ամրացնի հույսն ու հավատքը մեր ժողովրդի և պահապան ու օգնական լինի՝ հաղթահարելու ներկա ծանր փորձությունները։
Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Սուրբ Էջմիածնի միաբաններ։