Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան
Յուրաքանչյուր հայտարարություն պետք է լինի խելամտության սահմաններում և յուրաքանչյուր սահմանազատում պետք է լինի գործընթաց, որը վերաբերում է երկու կողմերին։ Ուզում եմ հասկանալ՝ Բերքաբերից արևելք՝ Ջողազի ջրամբարից վերև ընկած հատվածը՝ ՀՀ անխախտ սահմաններից ներս գտնվող հատվածն արդյո՞ք վերադարձնելու է Ադրբեջան կոչվող արհեստածին միավորումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այս պահին չկա սահմանազատման գործընթաց։ Կա միակողմանի զիջում, որը բերելու է մեր պետության համար լրացուցիչ ռիսկեր, մարտահրավերներ, լրացուցիչ խնդիրներ՝ անվտանգային տիրույթում։ Այս առումով պետք է հասկանանք՝ սահմանազատումը, այո, անհրաժեշտ է, բայց դա երկկողմ գործընթաց է։ Ուզում եմ հասկանալ տրամաբանությունը՝ ինչու այդ հատվածից։ Հայաստան-արհեստածին Ադրբեջան-Վրաստան սահմանների հատման կետում և դրանից փոքր-ինչ հարավ, ունենք գրեթե նման իրավիճակ, երբ ՀՀ-ն դուրս է նախկին Խորհրդային Հայաստանի սահմաններից, այսինքն՝ մեր ԶՈՒ-երը և Ադրբեջանի ԶՈՒ-երը ներս են Խորհդային Հայաստանի նախկին վարչական սահմանից։ Ինչու չի սկսվում այդտեղ, այլ՝ այն վայրից, որտեղ վտանգվում է մեզ համար կենսական նշանակություն ունեցող կոմունիկացիան»,- նշեց Ոսկանյանը՝ հավելելով, որ խնդիրը մեկն է՝ Բաքվի բարբարոսական վարչախումբը խնդիր չունի ոչ սահմանազատման, ոչ խաղաղության, նպատակ ունի՝ խեղդելու մեզ՝ աշխարհաքաղաքական առումով։ Ոսկանյանն ընդգծեց՝ միակողմանի զիջում է տեղի ունենում՝ պատրանքի դիմաց, որևէ երաշխիք չի տրվել՝ ըստ պաշտջոնական հաղորդագրությունների։