Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և Լեռնային Ղարաբաղի արդարության պահանջին նվիրված նիստում ելույթ են ունեցել ցեղասպանությունը վերապրածների ժառանգները: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ հայ-ասորական ծագում ունեցող անդամ Աննա Էշուն հայտարարել է. «Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հայ ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար»:

Նա հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման, ամիսներ շարունակ նրանց շրջափակման մեջ պահելու Ադրբեջանի իշխանությունների գործողությունները: «Ես կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարությանը՝ դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին, պատժամիջոցներ սահմանել  այդ հանրապետության պաշտոնյաների նկատմամբ մարդու իրավունքի կոպիտ խախտումների համար և օգնել Լեռնային Ղարաբաղից 120 հազար բռնի տեղահանվածներին»,- կոչ է արել Աննա Էշուն:

Իրենց ելույթներում Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները կոչ են արել ԱՄՆ-ի իշխանություններին՝ ընդունել նաև Հայոց ցեղասպանության կրթական ակտը (HR2803):