Իրանն ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռականորեն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն

Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական և համաչափ գործողությունները և գրավյալ Պաղեստինում որոշ ռազմական օրինական կենտրոնների թիրախավորումը իրականացվել է պաշտպանության իրավունքի շրջանակներում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն և ի պատասխան սիոնիստական ռեժիմի ռազմական հարձակման, դիվանագիտական անձեռնամխելի վայր հանդիսացող Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության թիրախավորման և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու նպատակով Սիրիայի կառավարության հրավերով Սիրիայում ներկա գտնվող ԻԻՀ ռազմական խորհրդատուների նահատակման։

Սիոնիստական ռեժիմի գործողությունը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային կոնվենցիաների խախտում էր, որն արժանացավ բոլոր երկրների և միջազգային կազմակերպությունների անմիջական արձագանքին և խիստ դատապարտմանը։ Իրանի Իսլամական Հանրապետության՝ օրինական պաշտպանության իրավունքի իրացման գործում պաշտպանական միջոցների դիմելը զսպող միջոց է և ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային ու միջազգային խաղաղության և անվտանգության նկատմամբ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության և նրա շահերի դեմ ցանկացած նոր արկածախնդիր և անխոհեմ գործողության հետևանքների պատասխանատվությունը կուղղվի սիոնիստական ռեժիմին և նրա աջակիցներին։

Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատելով իր հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքներին և նպատակներին՝ ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռականորեն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը ցանկացած անօրինական ուժի և ագրեսիայի դեմ»։