Գարեգին Երկրորդը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին.
«Խոր ցավով տեղեկացանք Մեղրիում ավտովթարի հետևանքով զոհված 4 զինծառայողների և 20 վիրավորների մասին։
Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին՝ հայցելով Սուրբ Հոգու մխիթարությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ Ողորմածն Աստված, որ Իր անբավ գթությամբ երկնային լուսեղեն օթևաններում խաղաղության ու հանգստության մեջ ընդունի նրանց հոգիները։
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներ մեր զավակներին՝ հայցելով Տիրոջ Սուրբ Աջի հովանին և զորակցությունը Հայոց բանակին, մեր հայրենիքին և մեր ողջ ժողովրդին։
Վշտակցությամբ՝
ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորում է ստացել 20 զինծառայող։