Այսպիսի մարդիկ Հայաստանը տանում են փակուղի. Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
180 աստիճանի շրջադարձն արտացոլում է Հայաստանի ներկայիս իշխանությունների ցանկությունը՝ զոհաբերել Ռուսաստանի Դաշնության և այլ մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ կապերի ողջ զանգվածը՝ հանուն այն ժամանակավոր բոնուսների, որոնցով Երևանը հրապուրվեց Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից: Այս մասին ապրիլի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Պատասխանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Մոսկվան և Երևանը խոսում են տարբեր լեզուներով, իսկ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն դարձել են հիմնական գործընկերները, Զախարովան խոստովանեց. «Ես կուզենայի ծաղրել լեզուների մասին նրա արտահայտությունը, բայց չարժե։ Ոչ այն պատճառով, որ չեմ կարող: Այլ որովհետեւ նման մարդիկ Հայաստանը փակուղի են տանում»։
Նշելով, որ խոսքը Արարատ Միրզոյանի՝ արգենտինական պարբերականին տված հարցազրույցի մասին է, որ Միրզոյանը պատասխանելով Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորության մասին հարցին, ասել է, որ չի կարող կանխատեսել ապագան։ «Տարօրինակ է, սովորաբար իշխանության ղեկին գտնվող քաղաքական գործիչները ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև նրանք են այն ստեղծում: Նրանք կարող են կանխատեսել միտումները և ասել, որ ամեն ինչ կանեն, որպեսզի, օրինակ, բացասական սցենարը իրականություն չդառնա։ Ցավալի է լսել պարոն Միրզոյանի խոսքերը՝ հատկապես հաշվի առնելով այսօր նշվող մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով, յուրաքանչյուրը կարող է արտահայտել իր տեսակետը. «Կարող են և գուցե պետք է արտահայտեն, բայց կան նաև երկու երկրների ժողովուրդներ։ Կան նաև երկու ժողովուրդների շահեր, որոնք այս դեպքում պետք է առաջնահերթ լինեն»,- ընդգծել է Զախարովան։
Նա նշել է, որ Միրզոյանի այն թեզը, թե Երևանի հիմնական գործընկերները հիմա Եվրամիությունն ու ԱՄՆ-ն են, կառուցված է նույն տրամաբանության վրա։ «Կարող եք հարցնել՝ «հիման» ե՞րբ է, 2024 թվականի մարտ-ապրի՞լը, իսկ առաջ ու հետո՞: Պատմությունն այդտեղ ավարտվո՞ւմ է: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի մեր երկրի հետ, այն ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ անդամ է։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին և ԱՊՀ-ին, ապա Հայաստանը տնտեսական շահույթ է ստանում այդ փոխգործակցությունից։
Մինչև վերջերս Հայաստանի ղեկավարությունը ամենաբարձր մակարդակով հայտարարում էր, որ այդ կառույցները սկզբունքորեն կարևոր են Հայաստանի անվտանգության և տնտեսության զարգացման համար՝ կանխելով իր մեկուսացումը Հարավային Կովկասում: Դա արդեն մոռացվա՞ծ է: Ե՞րբ են նրանք խաբել՝ այն ժամանակ, թե հիմա»,- հարցրել է Զախարովան՝ հիշեցնելով, որ այս ամենն արտացոլված է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության մեջ։
Այս համատեղ հայտարարությունն այլևս չի՞ առնչվում Հայաստանի ԱԳՆ-ին, հարցրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ «Ես կցանկանայի լսել պատասխանը. Ի՞նչ 180 աստիճանի շրջադարձ է սա: Ակնհայտ է, որ դա արտացոլում է Հայաստանի ներկայիս իշխանությունների ցանկությունը՝ զոհաբերել Ռուսաստանի Դաշնության և մյուս ամենամոտ դաշնակիցների ու գործընկերների հետ կապերի ողջ զանգվածը՝ հանուն այն ժամանակավոր բոնուսների, որոնցով Երևանը հրապուրվեց Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից։ Բայց հարցն այն է, որ նրանք մեզ չեն դավաճանում, ոչ իրենց գործընկեր-դաշնակիցներին, դավաճանում են իրենց ժողովրդին, դա է խնդիրը»: