Թուրքիայի մի քանի քաղաքներ տուժել են բողոքի ալիքի և կրակոցների հետևանքով

Թուրքիայի մի քանի քաղաքներում բողոքի ալիք է բռնկվել, որն ուղեկցվել է կրակոցներով և փողոցներում անվադողերի այրմամբ։ Այս մասին հայտնում է «rbc.ru»։

Զանգվածային ցույցեր են սկսվել առնվազն վեց խոշոր քաղաքներում՝ Վանի նահանգային ընտրական հանձնաժողովի որոշումից հետո՝ քրդամետ DEM կուսակցության թեկնածու Աբդուլլահ Զեյդանին ընտրություններից որակազրկելու մասին։ Նա հաղթել էր, սակայն մանդատը տրվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) թեկնածուին։

Լարվածության պայմաններում տեղական իշխանությունները արգելել են զանգվածային հավաքները ապրիլի 3-ից ապրիլի 17-ը։ Քրդստանի բանվորական կուսակցությանը մոտ կանգնած սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները բնակիչներին կոչ են անում դուրս գալ փողոց։

Տասնյակ մարդիկ բախումների մեջ են մտել ոստիկանների հետ, ավտոմատներով կրակում փողոցներում, անվադողեր են հրկիզում և մոլոտովի կոկտեյլներ նետում իրավապահների վրա։ Ի պատասխան՝ անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել, մահակներով ծեծի ենթարկել ցուցարարներին և կալանավորել։

Թուրքիայում կիրակի՝ մարտի 31-ին, տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Երկրի իշխող ԱԶԿ-ն վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ պարտվել է ընդդիմությանը տեղական ընտրություններում։ Խոշոր քաղաքների քաղաքապետերի պաշտոնների համար մրցույթում առաջատարը և ձայների մեծամասնությունը ստացել է Հանրապետական ​​ժողովրդական կուսակցությունը։