Էրդողանի վարչակազմը մերժել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու կոչերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը մերժել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու կոչերը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող կուսակցության պարտությունից հետո։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Գործող նախագահի լիազորությունները ուժի մեջ են մինչև 2028 թվականը, թվիթերում ասել է նրա խորհրդական Մեհմեթ Ուչումը։

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Նախնական տվյալներով՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ ձայների քանակով գերազանցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Խոշոր քաղաքների՝ Անկարայի, Ստամբուլի և Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետերը պահպանել են իրենց պաշտոնները։

Փորձագետները որպես իշխող թիմի ձախողման պատճառ նշել են երկրում տիրող ծանր տնտեսական վիճակը, նրանց կանխատեսումների համաձայն՝ ընդդիմությունը հաջողության ֆոնին կարող է պահանջել արտահերթ նախագահական ընտրություններ։