Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից

Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա։ «Խռովյալ ՔՊ-ականը» ևս մեղադրյալ է՝ «ՔՊ»-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան և ՔՊ-ականների գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու վերաբերյալ գործով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Մկրտիչ Դավթյանը։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել է նրա որդին, խուզարկել են տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մարտի 14-ին մասնակի բավարարել է Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ թույլատրելով կալանավորումը մեկ ամսով։ Այդ գործով հետապնդում է իրականացվում ևս երեք անձի նկատմամբ, որոնցից երկուսը կրկին կալանավորված են։

Փաստաբան Մկրտիչ Դավթյանի գնահատմամբ՝ քրեական վարույթն ամբողջությամբ շինծու է։

«Եթե Գագիկ Սարգսյանը 40-ական թվականներին ծնված լիներ և մինչև Քենեդու մահը չափահաս լիներ, հնարավոր է, որ նրան նաև Քենեդու մահվան մեջ մեղադրեին, բայց քանի որ Քենեդու հետ կապված տարիքային պրոբլեմ կլիներ, իրավապահները ձեռնպահ են մնացել այդ մեղադրանքից։ Սա առաջին դեպքը չէ։ Մի շարք գործերով՝ շինծու, հորինված մտքերով, երևակայությամբ քրեական հետապնդումներ են հարուցում անձի նկատմամբ և պատահական չէ, որ դատարանը, քննելով խափանման միջոցի հարցը, որոշել է մեկ ամսով կալանավորել՝ դիրքորոշում հայտնելով, որ անորոշությունները շատ են, բայց, չգիտես ինչու, գրել է, որ կասկածի շեմը համարվում է հաղթահարված»,- նշեց փաստաբանն՝ ընդգծելով, որ Գագիկ Սարգսյանը ոչ մի առնչություն չունի՝ այլ անձան կողմից կատարված ենթադրյալ արարքի հետ։ Փաստաբանը համոզված է՝ քրեական գործը «պատվերով է կարվել», ինչի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ գործով առաջին կալանավորված մեղադրյալը, որը Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել, այսպես կոչված «խռովյալ ՔՊ»-ական է, որը նաև ցուցմունքում է հայտնել, որ դեռևս 2018թ թեև ոչ կուսակցական, բայց ակտիվ ՔՊ-ական է եղել, մասնակցել է նիստերին, մի շարք գործողությունների, աշխատանքների մասնակցել, սակայն որոշել է դառնալ ընդդիմադիր, քանի որ 2018թ իր ներկայացրած դիմումը՝ ՔՊ կուսակցության անդամ դառնալու խնդրանքով կորցրել են, իսկ 2021թ․ ներկայացված դիմումը՝ մերժել, քանի որ վերջինիս պնդմամբ՝ կուսակցության շարքը ներառելու վերաբերյալ նիստին հանձնաժողովի անդամ է եղել ՔՊ-ական պատգամավորներից մեկը՝ որդու հետ, որոնց ինքը «ճանաչել» է, և վերջիններս չեն ցանկացել ներառել նրան կուսակցության շարքերում, ինքն էլ՝ իբրև նեղացել է, որոշել դառնալ ընդդիմադիր․«Շատ «գեղեցիկ» ձևով է ներկայացնում»։ Փաստաբանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ Գագիկ Մելքոնյանը երբեք չի բնակվել, չի բնակվում այն հասցեում, որտեղ իբրև տեղադրվել է պայթուցիկը, հետևաբար, հարց է առաջանում, թե ով է ուղղորդել այդ անձին՝ տեղադրել ոչ թե իրական, այլ՝ այդ հասցեում, սակայն քննիչը չի պարզել այդ հանգամանքները։

Այս հետապնդումները փաստաբանին հիշեցնում են 1994թ դեկտեմբերի 28-ը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը «ծալեց վերնաշապիկի թևքը» և հայտարարեց ՀՅԴ կուսակցության արգելման մասին իր որոշումը։
«Հիմա այնպիսի իրավիճակ է, որ, տեսնելով քաղաքական դաշտը, իրական պայքար մղողը, որ կարող է նաև շարունակական պայքար մղել՝ իր անցյալով, ապագայով՝ ՀՅԴ-ն է, իսկ որպեսզի ձերբազատվեն այս կուսակցության ազատ գործելու հնարավորությունից, ԱԺ պատգամավորներից, որոնք իրենց կոկորդում են նստած, ապա համոզված եմ, որ սա հերթական շոուն է՝հերթական քրեական գործը կարելով, փորձում են Գագիկ Սարգսյանի միջոցով տանել դեպի դաշնակցություն»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ եթե այն անձինք նման բան թույլ են տվել, ապա թող պատասխանատվության ենթարկեն, բայց Գագիկ Սարգսյանն այդտեղ ոչ մի կապ չունի։ Գագիկ Սարգսյանին նշված դեպքին «փորձում» են կապել համագյուղացու հետ նամակագրության կապով, հեռախոսազանգով։

«Այդ անձնավորությունը՝ չկայացած «ՔՊ»-ականը, ամենայն հավանականությամբ, լսելով Արշամից ենթադրյալ հաշվեհարդար տեսնելու ցանկություն ունենալու հանգամանքը, գնացել իրեն ծանոթ ՔՊ-ականների մոտ ասել է՝ ցույց տալու, թե ինչ նվիրյալ ՔՊ-ական է, իրենք էլ ասել են, թե՝ ով է, ինչ է, քանի որ Գագիկի հետ համագյուղացի է, զանգում են, գործ սարքեն, որ կարողանան ներգրավել»,- ասաց փաստաբանը, ապա ավելացրեց․ «Տաքսիստները, տեսնեք, ինչ համառությամբ են «ցանկացել» նրանց տեղափոխել, մոտեցել են, մերժում ստացել, ապա 15 րոպե անց նորից մոտեցել, առաջարկում՝ տեղափոխել իրենց ցանկացած տեղը։ Շատ տհաճ ու զազրելի է նման փնթի ձևով գործ սրքելը։ Դժոխային ծիծաղ է առաջացնում, թե մարդիկ ինչ վիճակի մեջ կարող են մտնել, եթե իշխանությունները որոշում են ինչ-որ մեկի դեմ հետապնդում իրականացնել»։ Ընդ որում, ՔՊ-ականի կողմից հեռախոսազանգն էլ շինծու է, քանի որ զանգը խմած վիճակում է եղել, զանգել ասել են՝ «զանգել եմ նաև ինձ պայթուցիկ տված անձին», իսկ Գագիկ Սարգսյանի հեռախոսին զանգը եղել է ընդամենը մի քանի վայրկյան։

Գագիկ Սարգսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Ամփոփելով զրույցը՝ փաստաբանը նշեց․ «Ողբալի վիճակում է մեր երկրում, առավել ևս՝ քննչական և դատախազական համակարգում»։