Կա՞ն արդյոք պատժված ծառայողներ․ Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել Գլխավոր դատախազին և ՆԳ նախարարին

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել Գլխավոր դատախազին և ՆԳ նախարարին՝ Նարեկ Սամսոնյանին բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալելու առիթով։

«Ուսումնասիրելով մարտի 22-ին համացանցում հրապարակված՝ Ն. Սամսոնյանին անմարդկային ձևով ձերբակալության կադրերը, որտեղ, իմ տպավորությամբ, կան խոշտանգման, արժանապատվության նսեմացման և ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դրվագներ՝ գրություններ եմ ուղարկել ուժային կառույցներին։

ՀՀ ներքին գործերի նախարարին ուղարկված գրությամբ պահանջել եմ պարզաբանել.

Ինչու՞ է անհրաժեշտություն առաջացել ուժի նման ցուցադրաբար կիրառմամբ ձերբակալել Ն. Սամսոնյանին:

Ինչու՞ են ոստիկանները նրան ոչ միայն գետնին տապալում, երբ չի դիմադրում, այլեւ գլուխը սեղմում են ասֆալտին:

Ոստիկանների ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների մասով ի՞նչ հանձնարարականներ են տրվել:

Կա՞ն արդյոք պատժված ծառայողներ:

ՀՀ գլխավոր դատախազին խնդրել եմ.

ՀՀ ոստիկանության համազգեստով աշխատակիցների ու քաղաքացիական անձանց գործողություններին տալ քրեաիրավական գնահատական,

Ուսումնասիրության ենթարկել Նարեկ Սամսոնյանի փաստաբանների հաղորդումները, ըստ որոնց՝ Ն. Սամսոնյանն իրավապահ մարմիններում զրկված է եղել փաստաբան ունենալու և իր պաշտպանությունն ապահովելու իրավունքից։

Հետևողական կլինեմ գործի ընթացքին և կտեղեկացնեմ հետագա զարգացումների մասին»,- գրել է նա։