Իրաքյան խմբավորումները հայտարարել են Թել Ավիվում էլեկտրակայանի վրա հարձակման մասին

Իրաքի զինված խմբավորումները հայտարարել են Թել Ավիվի էլեկտրակայանի վրա անօդաչու թռչող սարքի օգնությամբ ձեռնարկված գրոհի մասին:  Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով խմբավորումների հայտարարությունը Տելեգրամ ալիքում։

«Իրաքի իսլամական դիմադրության մարտիկները 2024 թ. մարտի 21-ի լուսադեմին անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Թել Ավիվի էլեկտրակայանին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Իրաքյան խմբավորումներն ընդգծել են, որ «շարունակելու են ոչնչացնել հակառակորդի հենակետերն օկուպացմանը դիմակայելու և Գազայի հատվածում մեր ժողովրդին աջակցելու գործողությունների ժամանակ՝ ի պատասխան անպաշտպան պաղեստինցի քաղաքացիական բնակչության սիոնիստական ​​ջարդերի»:

Իսրայելի պաշտպանության բանակն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունները։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է սկսել անկլավում, որի հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 31 900-ը, ավելի քան 74 000 մարդ վիրավորվել է: