ԵՄ հինգ երկրներ Բրյուսելին կոչ են անում արգելել ռուսական և բելառուսական հացահատիկի ներմուծումը

Լիտվան Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի և Չեխիայի հետ միասին Եվրահանձնաժողովին (ԵՀ) կոչ է անում արգելել Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի ներմուծումը ԵՄ:  Այս մասին տեղեկանում է «rbc.ru»-ն:

Նշվում է, որ հինգ երկրների գյուղատնտեսության նախարարների կոչը նախաձեռնել է Լիտվան:

«Մենք խնդրում ենք ԵՀ-ին վերլուծման ենթարկել Ռուսաստանից և Բելառուսից ԵՄ ներմուծվող սննդամթերքը սահմանափակելու հնարավորությունները: Համատեղ…․ կոչով մենք ձգտում ենք լուծել կենսականորեն կարևոր խնդիրը, որը միավորում է մեզ», -հայտարարել է Լիտվայի գյուղատնտեսության նախարար Կյաստուտիս Նավիցկասը:

Նախարարները նամակում պնդում են, թե Ուկրաինայում ռազմական գործողությունները ֆինանսավորվում են ԵՄ հացահատիկ արտահանելուց ստացված Ռուսաստանի եկամուտների հաշվին։ Բացի այդ, ռուսական հացահատիկը, նրանց գնահատմամբ, ճնշում է գործադրում ԵՄ ներքին շուկայի վրա և ուղղակիորեն մրցակցում ԵՄ ֆերմերների արտադրանքի հետ։

Նավիցկասի տվյալներով՝ 2023 թվականին ԵՄ-ն ներմուծել է 437,5 մլն եվրոյի 1,53 մլն տոննա ռուսական հացահատիկ։

ԵՄ գյուղատնտեսության և ձկնորսության նախարարների խորհուրդն այդ առաջարկությունը կքննարկի մարտի 26-ին։