Ի՞նչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ գյուղապետը մանրամասներ է հայտնել

24News-ը գրում է․ «Այսօր գրել էինք, որ Տավուշի համայնքների ընդդիմադիր ղեկավարները խուսափում են խոսել Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից: Մեզ հետ քիչ առաջ կապ հաստատեց Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը, վերջինս նշեց, որ հանդիպման էր և միայն հիմա է կարողացել ազատվել և կապվել մեզ հետ: Աղաբաբյանը 24News-ի հետ զրույցում մի շարք մանրամասներ հայտնեց տեղի ունեցած հանդիպումից:

Մասնավորապես, Աղաբաբյանը նշեց, որ Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից է հարձակվելու, Ադրբեջանը՝ Ոսկեպարից՝ այսպիսով անխուսափելի ներկայացնելով Տավուշի մարզի 4 գյուղերի հանձնումը:

Աղաբաբյանը հավելեց, որ համայնքի ղեկավարներն ու գյուղացիները կտրականապես դեմ են գյուղերի հանձնմանը, որի մասին և տեղեկացրել են Փաշինյանին: Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ  որևէ բան բնակիչներից թաքուն չի արվելու. «Առանց ձեզ ոչ մի բան չի կարող լինել, պետք է՝ ես էլի կգամ` 2 անգամ, 3, 5, 10, 20 անգամ կգամ, էնպես չի լինելու, որ դուք չիմանաք, թե ինչ է կատարվում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մենք տեղեկացանք նաև, որ Փաշինյանի այցի մասին ի սկզբանե հայտարարված չի եղել, միայն այսօր` առավոտյան ժամը 11:00-ին են համայնքի ղեկավարներն իմացել, որ այցելելու է Տավուշ: Ընդ որում, բոլորի հեռախոսներն, այդ թվում` համայնքապետերինը, նախօրոք վերցրել են»: