Պուտինն առաջին անգամ արտաբերել է Նավալնու անունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր նախընտրական շտաբում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվանը՝ առաջին անգամ արտաբերելով նրա անունը։

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Պուտինի խոսքով՝ Ալեքսեյ Նավալնու մահը տխուր իրադարձություն էր, բայց «նման բաներ պատահում են»:

«Ինչ վերաբերում է պարոն Նավալնուն, այո՛, նա հեռացել է կյանքից։ Դա միշտ ցավալի իրադարձություն է։ Մեզ մոտ այլ դեպքեր էլ են եղել, երբ մարդիկ հեռացել են կյանքից։ Մի՞թե ԱՄՆ-ում նման բան չի պատահել։ Պատահել է և բազմիցս», – ասել է Պուտինը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նաև ասել է, որ Նավալնու մահվանից առաջ համաձայնել էր նրան փոխանակել Արևմուտքում բանտարկված մարդկանց հետ։

«Ի դեպ, ասեմ ձեզ, անսպասելի կլինի, բայց պարոն Նավալնու մահից մի քանի օր առաջ որոշ գործընկերներ ինձ ասացին, ոչ վարչակազմի անդամներ, որոշ մարդիկ ասացին, որ մտահղացում կա պարոն Նավալնուն փոխանակել որոշ մարդկանց հետ, որոնք անազատության մեջ են արևմտյան երկրներում: Դուք կարող եք հավատալ ինձ, կարող եք չհավատալ: Ինձ հետ խոսողը դեռ չէր ավարտել իր նախադասությունը, երբ ես ասացի՝ համաձայն եմ, միայն մի պայմանով՝ մենք նրան կփոխանակենք, բայց նա չպետք է վերադառնա, թող մնա այնտեղ», – ասել է ՌԴ նախագահը։

Այն, որ Պուտինին նման գործարք է առաջարկվել, ավելի վաղ հայտնել էին ընդդիմադիր գործչի համախոհները։ Մասնավորապես, փետրվարի 26-ին հետաքննող լրագրող, Նավալնու համախոհ Մարիա Պևչիխն ասել էր, որ տեղյակ էր քննարկումների մասին, ըստ որոնց Նավալնին ԱՄՆ երկու քաղաքացիների հետ միասին, իբր, կարող էր փոխանակվել Գերմանիայում ցմահ ազատազրկման դատապարտված Վադիմ Կրասիկովի հետ:

Պևչիխը չի նշել ԱՄՆ այն քաղաքացիների անունները, որոնք կարող էին փոխանակվել Նավալնու հետ։ Լրատվամիջոցները ենթադրում են, որ խոսքը ամերիկացի վետերան Փոլ Ուիլանի և Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի մասին է։ Երկուսն էլ Ռուսաստանում մեղադրվում են լրտեսության մեջ։

Կրասիկովը ցմահ ազատազրկման է դատապարտվել Գերմանիայում 2021 թվականին։ 2019 թվականին նա Բեռլինում կրակել և սպանել է չեչնիացի նախկին դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլուն։

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտարարվել է, որ մահը վրա է հասել բնական պատճառներով։ Նավալնու ընտանիքը և արևմտյան ղեկավարները Նավալնիի մահվան մեջ մեղադրում են ՌԴ նախագահին։