Մոսկվան հաշվի կառնի ԵՄ դեսպանների հետաքրքրության բացակայությունը Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ շփվելու հարցում. Սերգեյ Լավրով

Մոսկվան հաշվի կառնի ԵՄ դեսպանների հետաքրքրության բացակայությունը Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ շփվելու հարցում։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Մեծ հաշվով սա բռիություն է։ Մենք, իհարկե, հաշվի կառնենք, որ նրանք շփվելու հետաքրքրություն չունեն։ Թող նրանք առայժմ նստեն իրենց գրասենյակներում և հեռախոսով խոսեն իրենց մայրաքաղաքների հետ»,- ասել է Լավրովը։

Լավրովը ՌԴ նախագահական ընտրություններից առաջ զրույցի է հրավիրել եվրոպացի դեսպաններին, սակայն նրանք հրաժարվել են հանդիպումից երկու օր առաջ։ Մոսկվայում ԵՄ ներկայացուցչությունը մերժումը բացատրել է հանդիպման օրակարգի բացակայությամբ։ Եվրոպացի դիվանագետները նաև հայտարարել են, որ իրենք թույլ չեն տա իրենց որպես զարդարանք օգտագործել հերթական քարոզչական վարժության համար։